Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 24-ին ժամը 11։00-ին։ Ավագանու անդամների գրանցումը կսկսվի ժամը 10:00-ից:
Համայնքապետարանից հայտնում են, որ օրակարգում երեք հարց է.
1․ Համայնքի ղեկավարի ընտրություն
2․ Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին որոշման ընդունում
3․ Ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանում։
Դեկտեմբերի 22–ին բաշխել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամի մանդատները։ 33 անդամից 4-ը ինքնաբացարկ է ներկայացրել։ ՔՊ-ից ինքնաբացարկ է հայտնել մարզպետ Արամ Խաչատրյանը, Արամ Գրիգորյանը, Արեն Անանյանը, իսկ ՀԱՍԿ-ից ինքնաբացարկ հայտնողը Արման Մովսիսյանն է։
Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:
Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն օրերս օրենսդրական հիմնավորումներով փաստել էր, որ Կառավարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ընտրված և կալանավորված անդամների մասնակցությունն այդ ավագանիների առաջին նիստերին: