Այսօր Փարաքարի համայնքապետի երդմնակալության օրն է: Սակայն համայնքում պատերազմական վիճակ է՝ միանգամից 2 անձ իրեն համարում է ընտրված համայնքապետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։
Այսօր վաղ առավոտից Փարաքար համայնքում ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, Մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: Վոլոդյա Գրիգորյանը իր աջակիցների դիմաց ընթերցեց համայնքապետի լիազորությունների ստանձնման երդման տեքստը:
Համայնքապետարանի շենքը, սակայն շղթայված է ոստիկաններով, և Վոլոդյա Գրիգորյանին թույլ չեն տալիս ներս մտնել: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը, իսկ պատճառներն իմանալու համար խնդրեց գրավոր դիմել ոստիկանություն:
Նշենք, որ համայնքապետի երդմնակալության արարողությունը պետք է իրականացվի ընտրված ավագանու անդամների մասնակցությամբ:
Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, օրն ընտրվել է 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է 40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։ Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:
Իրավիճակի հանգուցալուծումը դեռևս հայտնի չէ: Այս պահին համայնքապետարանը դեռևս փակ է: