կարևոր
3322 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-23 12:46

Ավագանու «Իմ քայլ»-ի ևս մեկ անդամ մանդատը վայր է դնում

Ավագանու «Իմ քայլ»-ի ևս մեկ անդամ մանդատը վայր է դնում

Քանի որ ունեմ շատ խորը անհամաձայնություն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ, նպատակահարմար եմ գտնում դնել մանդատս։ Հայտնում է Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը. 

«Երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, չեմ կարդացել, լուրերին չեմ հետևել, եղել եմ քաղաքականության նկատմամբ բացարձակ անտարբեր քաղաքացի։ Բայց երբ հեղափոխությունից հետո ինձ առաջարկեցին առաջադրել իմ թեկնածությունը որպես ավագանու անդամ, միացա որպես անկուսակցական, որ թափառող կենդանիների ոլորտի տարիների իմ գիտելիքների ու փորձի շրջանակներում օգուտ տամ իմ քաղաքին։

Երկար տարիներ իմ բոլոր հարցազրույցներում միշտ ասել եմ, որ թափառող կենդանիներով զբաղվող համայնքային հիմնարկ է պետք, ոչ թե տարին մեկ տենդեր շահող մասնավոր կազմակերպություն։ Ու ուրախ եմ, որ նման կառույցի ստեղծման գործում ունեցա իմ համեստ ներդրումը։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին, որ քաղաքապետ դառնալուն պես հայտարարեց, որ սպանդի արատավոր պրակտիկան այսուհետ անցյալում է։ Ասեց ու արեց: Քանի որ ունեմ շատ խորը անհամաձայնություն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ, նպատակահարմար եմ գտնում դնել մանդատս։ Նիստից հետո շատ ընկերներ միանգամից գրեցին՝ «մանդատդ հանկարծ չդնես, խմբակցությունից դուրս արի, դարձիր անկախ ավագանու անդամ»։ Բայց այդպես չեմ անի, քանի որ «քաղաքականություն-քաղաքականություն» խաղալու հավես չունեմ։ Ես ափսոսում եմ այն էներգիան, որը ծախսվում է ինչ-որ բանի «դեմ» պայքարի վրա։ Ավելի լավ է այդ օգտագործեմ «հանուն» ինչ-որ բան անելու, քանի որ դեռ այնքան լավ գաղափարներ ունեմ իրականացնելու։

Որպես ավագանու անդամ իմ ճանապարհը համարում եմ ավարտված, ինձնից հասանելիք գործը՝ արված, իմ կյանքի այդ էջը՝ փակված։

p.s. նշեմ, որ վերջում աշխատում էի այն բանի վրա, որ ՀՈԱԿ-ում լեշմանիան ստուգվի ոչ թե մեկ թեստով, այլ լաբորատոր մեթոդով ու կանգնել էինք նրա վրա, որ քաղաքապետի կողմից համաձայնությունը կար ու նախահաշիվը կազմելիս արդեն դա նույնպես պետք է քննարկվեր ու ներառվեր։ Հուսամ դա անպայման կիրականացվի, քանի որ միայն 1 թեստի հիման վրա կենդանու քնեցումը անթույլատրելի է»։

Հավելենք, որ ավագանու մանդատը վայր դնելու մասին ավելի վաղ դիմում էին ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը, Լիլիթ Պիպոյանը: Խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը. «Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,- գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու երեկ կայացած արտահերթ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ որոշվեց պաշտոնանակ անել Հայկ Մարությանին, իսկ քաղաքապետ նշանակվեց Հրաչյա Սարգսյանը: