Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում եւ նվազեցնել կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները: Պատգամավորի հիմնավորմամբ՝ նախագծի նպատակն է էապես նպաստել գնումների համակարգում ստվերային, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ստեղծել այնպիսի իրավական-կարգավորող համակարգ, որի դեպքում կերաշխավորվի պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը եւ հավասար մրցակցությունը:
ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է.
«Գործնականում հրատապության հիմքով մեկ անձից կատարվող գնումներն ի սկզբանե ներառված չեն լինում գնումների պլանում, դրանք պլանում լրացվում են հետագայում՝ հրատապ կարիքի առաջացման դեպքում՝ բյուջեում վերաբաշխում կատարելու կամ նոր հատկացումներ նախատեսվելու միջոցով։
Այս համատեքստում, կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։
Ուստի գտնում ենք, որ պետության այն լիազորությունների սահմանափակումը, որոնք կարող են կապված լինել պետության այնպիսի պոզիտիվ պարտականությունների իրականացման հետ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված անձի կյանքի իրավունքի պաշտպանությունը, կամ հասարակության անվտանգության և առողջության ապահովումը, չեն կարող կամայական սահմանափակվել, օրինակ՝ գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով։
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:
Հատկանշական է, որ վերջին երեք տարում շեշտակի աճել են մեկ անձից գնումները՝ կազմելով պետական գնումների գրեթե կեսը: Ընդ որում, մեկ անձինց գնումներով են իրականացվում ոչ հրատապ, նախապես հայտնի միջոցառումների իրականացման մրցույթները, և, որպես կանոն, դրանք իշխանական մերձավոր ընկերություններին են բաժին հասնում: