կարևոր
1210 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-23 11:44

Ոստիկանությանը «որակյալ» աշխատանքի համար բյուջեի խնայողություններից գումար կհատկացվի

Ոստիկանությանը «որակյալ» աշխատանքի համար բյուջեի խնայողություններից գումար կհատկացվի

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 63-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է:
Չեկուցվող հարցերի թվում կընդունի 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում  առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:

Նախագծում նշվում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և պարգևատրման նպատակին վերաբաշխվող միջոցների մեծությունը, այսօրվա դրությամբ, կազմում է շուրջ 1․890,0 մլն․ դրամ, որը ՀՀ ոստիկանության ծառայողների (աշխատողների)  պաշտոնային դրույքների ամսական  ֆոնդից պակաս է շուրջ 500,0  մլն. դրամով։

ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարում ծառայողներին (աշխատողներին) ընթացիկ տարում որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգևատրել մեկ պաշտոնային դրույքաչափով։ Այդ նպատակով առաջարկվում է  ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500,0 մլն․ դրամ, նկատի ունենալով նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով  ՀՀ պետական բյուջե է վերադարձվել  բյուջետային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործման արդյունքում տնտեսված 958,2 մլն․ դրամ»։

Ստացվում է, որ գործադիրը 2021թ. բյուջեի խնայողությունների մեծ մասը հատկացնում է ոստիկաններին պարգևավճար տալուն՝ հատկապես պետական մարմինների շենքերն, գործադիրի ղեկավարի այցելության վայրերն ու երթուղիներն ՀՀ քաղաքացիներից պաշտպանելու համար, իսկ արտաքին սահմանները պաշտպանողները, բնականաբար, գործող իշխանությունների նման հոգածության ներքո չեն: