կարևոր
790 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-23 10:48

Մանվել Փարամազյանն է վերադարձել, համայնքի​ շեն-շնորհքը տեղն է ընկել

Մանվել Փարամազյանն է վերադարձել, համայնքի​ շեն-շնորհքը տեղն է ընկել

Աչքդ լու՜յս, Քաջարաˊն. Քաջարանում տոն է. Մանվել Փարամազյանն է վերադարձել, ու​ համայնքի​ շեն-շնորհքը տեղն է ընկել:​ Այս գրառմամբ է համայնքապետարանը հայտնում վերջերս կալանքից ազատ արձակված Մանվել Փարամազյանի վերադարձը:

«Համայնքապետի մուտքը սրտառուչ էր, զգացմունքները՝ հուզիչ ու հակասական, թվում է՝ ոչինչ չի փոխվել, բայց և շատ բան է փոխվել: Կարևորը՝ քաղաքի կանգնած զարկերակը նորից սկսեց տրոփել:

Իսկ համայնքապետը անազատության մեջ ​ անցկացրած 6 ամիսների ընթացքում անընդհատ մտածում էր իր քաղաքի, ժողովրդի, կիսաստ թողած գործերի մասին: Քաղաքացիների ջերմ ընդունելությունից զգացված ​ ու​ շփոթված, 6 ամսում 60 տարով իմաստնացած, ցավ ու չարիք տեսած, բայց երբեք չչարացած, իր հող ու ջրի կարոտով վառված, իր համայնքի համար զավակ ու ծնող, ծառա ու տեր Մանվել Փարամազյանը վերադարձել է, նորից լծվել եռանդուն աշխատանքային գործունեությանը: Այսօր նրա առաջին աշխատանքային օրն էր, բայց նախ այցելեց Զոհված ազատամարտիկների հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին, այնուհետև շրջայց կատարեց քաղաքում, ցավով իրազեկվեց, որ իր բացակայության ընթացքում գործերն ու մեկնարկած ծրագրերը մնացել են թերի, անկատար, որոշ ոլորտներ՝ գրեթե կաթվածահար:​

Համայնքի ղեկավարը​ գործերի ընթացքին հանգամանորեն​ ծանոթանալուց հետո տվեց համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես,​ շենքերի ջերմամեկուսացման ընդհատված​ աշխատանքները վերսկսելու, խաղահրապարակների վերականգնման, կոմունալ ծառայության աշխատանքների կազմակերպման ուղղություններով:​

Համայնքապետարանում նույնպես սկսվել է աշխատանքային ակտիվ եռուզեռ. պարոն Փարամազյանի վերադարձը նոր տեմպ ու ոգևորություն է հաղորդել​ համայնքապետարանի​ առօրյային: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում​ համայնքապետը լսեց աշխատակազմին, այնուհետև ցուցումներ ու հանձնարարականներ տվեց բացթողումները, վերացնելու, ընդհատված աշխատանքները վերսկսելու, խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու ուղղություններով: Համայնքապետը որոշել է անել հնարավորը, որպեսզի համայնքային կյանքը վերադառնա բնականոն ընթացքին»,- հայտնում են համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 17-ին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 70 միլիոն դրամի չափով։ Սահմանված գրավը վճարելուց հետո Փարամազյանն ազատ կարձակվի։

Դեռևս հուլիսին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր: