20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սիրելի համաքաղաքացիներ, հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում։ Այս մասին գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգահան Լիլիթ Պիպոյանը։
«1. Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի։
2. Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա: Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:
Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»,- նշել է Պիպոյանը:
Հավելենք, որ ավագանու մանդատը վայր դնելու մասին ավելի վաղ դիմում էին ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը, այսօր խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը. «Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,- գրել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօր կայացած արտահերթ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ որոշվեց պաշտոնանակ անել Հայկ Մարությանին, իսկ քաղաքապետ նշանակվեց Հրաչյա Սարգսյանը: