կարևոր
1345 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-22 19:54

Վանաձորում նորընտիր ավագանու ՔՊ-ական 3 անդամ ինքնաբացարկ է հայտնել

Վանաձորում նորընտիր ավագանու ՔՊ-ական 3 անդամ ինքնաբացարկ է հայտնել

Վանաձորի թիվ 23 Տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 22–ին բաշխել է Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամի մանդատները։

«33 անդամից 4-ը ինքնաբացարկ է ներկայացրել։ Երեքը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ է հայտնել մարզպետ Արամ Խաչատրյանը, Արամ Գրիգորյանը, Արեն Անանյանը,  իսկ ՀԱՍԿ–ից ինքնաբացարկ հայտնողը Արման Մովսիսյանն է»,- հայտնել է Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը։։

Թե երբ կլինի ավագանու առաջին նիստը, դեռ պարզ չէ։

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։