կարևոր
715 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-22 17:53

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է Պաշտպանության նախարարին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է Պաշտպանության նախարարին

Դեկտեմբերի 21-23-ը աշխատանքային այցով Երևանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: 

Այյսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասին։

Քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարևորությունը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի հոբելյանական 30-ամյակի և Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով, և հաստատել, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման և Կազմակերպության միջազգային դերակատարության ընդլայման:

Այցի ընթացքում  Զասը հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հաստատման է ներկայացնելու Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նիստի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրագործման հարցով միջոցառումների ծրագիրը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովին ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` 2022 թվականի չորրորդ եռամսյակում: