Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստւմ քննարկվում էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը: Նույն նախագծով ավագանին նոր քաղաքապետ էր ընտրելում: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր: Մարությանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ:
Երևանի ավագանին փակ-գաղտնի քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելուն։ Քվերակության արդյունքներով՝ 44 կողմ, դեմ 10 ձայների հարաբերակցությամբ Հրաչյա Սարգսյանը դարձավ Երևանի քաղաքապետ:
Հրաչյա Սարգսյանը ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին, Երևանում: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան, ապա 2009-ին Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում ստացել է մագիստրոսի աստիճան՝ կառավարում մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ: 2010-2013թթ.-ին՝ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ վարկային մասնագետ:
2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ:
2018թ-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: Հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ Եղել է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ, անցյալ տարի հեռացվել է կուսակցությունից:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում: Նախաձեռնությանը միացել էր նաև ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից՝ միայն Անի Խաչատրյանը: «Իմ քայլի» նախաձեռնությանը չմիանալու մասին հայտարարել են ավագանու անդամներից Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Վահե Գևորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գայանե Վարդանյանը, Օսվաննա Հովսեփյանը։