կարևոր
739 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-22 14:59

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հաստատվել են երկկողմ ծրագրեր

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հաստատվել են երկկողմ ծրագրեր

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Փոխվարչապետները հանդես են եկել նիստը ամփոփող ելույթներով և նիստի արդյունքում ստորագրել են արձանագրություն։

Ելույթում ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ հայկական կողմը առավելագույն ջանքեր կգործադրի միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները։

Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։