կարևոր
3718 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-22 13:10

Սա պրիստիժ չէ, հակառակը՝ սա մովետոն է. Մարությանը խոսեց իր նախկին քաղաքական թիմի սխալների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա պրիստիժ չէ, հակառակը՝ սա մովետոն է. Մարությանը խոսեց իր նախկին քաղաքական թիմի սխալների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում։ Այս մասին ավագանու նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային՝ ընդդեմ քաղաքապետի, օրինակ՝ բյուջեի խոշոր չափերի գումարների հափշտակում կամ աշխատանքային, կենցաղային զարհուրելի հանցանք, բայց ինչպես հասկացանք ելույթներից՝ այդպիսիք չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, պետք է լքեմ նաև այս պաշտոնը»,- նշեց Մարությանը։

Մարությանի դիտարկմամբ՝ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 անդամից միայն 27-ն էր այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այսինքն, խմբակցության մեծ մասը՝ 30 ավագանու անդամ, անկուսակցականներ էր կամ այլ կուսակցության անդամ, ինչը, ըստ Մարությանի, արտացոլում է հեղափոխական թիմի իրական պալիտրը։

Խոսելով իշխանական թիմի հետ կապի խզման մասին՝ Մարությանն նշեց,

«Տարատեսակ պաշտոնատար անձինք էին ինձ զանգում ու իրենց ծանոթների համար արտոնություններ խնդրում՝ էս բուդկեն ստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, այսքան հարկ ավելացնենք և այլն, բոլոր դեպքերում մերժել եմ, ասել եմ, որ քանի դեռ ասյտեղ եմ, ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում։

Սա տհաճ ազդակ էր ինձ համար, ես այդպիսի զանգերի չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ ու ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը։ Հիմա էս մարդիկ ասում են, որ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց ավտոմեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, երկիրը միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու համար․ «Արդարացնում են 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր պետության պրիստիժի համար է։ Սա պրիստիժ չէ, հակառակը, սա մովետոն է։ Սա շատ վատ տպավորություն է թողնում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, միայն տարակուսանք»։

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստով քննում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ իշխանության նախաձեռնությունը: