կարևոր
2743 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-22 11:16

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած. քաղաքագետ

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած. քաղաքագետ

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշում է դրանք.

«1. Արցախը հանձնված է Ադրբեջանին,

2. Ցեղասպանության միջազգային ճանաչումը դե ֆակտո հանված է մեր արտաքին քաղաքական օրակարգից,

3. Առաջիկայում կբավարարվի ամենաթարմ նախապայմանը՝ միջանցքի բացումը:

Ի դեպ, 1992թ. Թուրքիան Հայաստանի առջև նախապայան է դրել Անկախության հռչակագրից հանել հետևյալ պարբերությունը.

«11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:»

Նախապայման է եղել նաև Հայաստանի զինանշանից Արարատ լեռան պատկերի հեռացումը, քանի որ այն դիտարկվել է որպես տարածքային պահանջ ուղղված Թուրքիային:

Նոր սահմանադրության մշակման ժամանակ (տես Նիկոլ Փախինյանի նախաձեռնությունը) կարող է այս հարցին լուծում տրվել՝ ասենք չորրորդ հանրապետության հիմնադրման ձևով, նոր հռչակագիր ընդունելով և այլն: :

Հիմա, ամենայն հավանականությամբ, Հայաստանն ու Թուրքիան կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթղթեր, կֆիքսեն, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու անքակտելիությունը և Ցեղասպանության վերաբերյալ մի լղոզված ձևակերպում կտան՝ Էրդողանական «համատեղ ողբերգություն» ոճով:

Գալիք բանակցություններում Թուրքիան զրո կաշկանդվածություն է ունենալու հայկական կողմից, սակայն մի փոքր կաշկանդվածություն կունենա միջնորդ պետություններից: Այս պահին դրանք երկուսն են՝ ԱՄՆ-ն (տես Bloomberg-ի արտահոսքը) և Ռուսաստանը (տես ՀՀ իշխանությունների դիմումը միջնորդության համար)»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու և դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: