կարևոր
1615 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-20 13:38

Անթույլատրելի է հրապարակային խոսել հայրենադարձված գերիների հետ կապված իրավական գործընթացների մասին. իրավապաշտպան

Անթույլատրելի է հրապարակային խոսել հայրենադարձված գերիների հետ կապված իրավական գործընթացների մասին. իրավապաշտպան

Այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հաստատված թիվը շուրջ 50 է, իսկ ոչ պաշտոնականացված՝ ևս 80։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ 

Պատասխանելով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացների մասին հարցին՝ Սահակյանն ընդգծեց, որ այդ մասին հրապարակային խոսելն անթույլատրելի է։

«Իրավական եւ բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որեւէ հիմք կա։ Նրանց վիճակը եւս չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե ​​թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են եւ, անկախ մեղադրանքից, պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։

Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանն անմիջապես սկսել է շահարկել այս թեման։ «Նրանք արդեն հայտարարել են ճնշումների եւ խոշտանգումների մասին։ Շուտով կտեսնեք, թե ինչպես են նրանք միջազգային ատյաններում կասկածի տակ դնում Ադրբեջանում խոշտանգումների մասին գերիների ցուցմունքները։ Նրանք կպնդեն, որ այդ ՀՀ իշխանություններն են սուտ ցուցմունքներ են կորզում գերությունից ազատվածներից: Ուստի պետք է ավելի զգույշ գործեն: Եթե ​​անգամ կան հետաքննության հիմքեր, հայտարարությունները չպետք է հրապարակային լինեն»,- նախազգուշացրեց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ կան հաստատված գերիներ, և քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձ լինելու է։ Իրավաիաշտպանի դիտարկմամբ՝ դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակներում՝ կա՛մ ՌԴ-ն, կա՛մ ԱՄՆ-ն, կա՛մ ԵՄ-ն, այլ ազդեցիկ պետություններ իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով՝ կազմակերպում են վերադարձը։

«Տեսնում ենք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովում։ Դա էլ միգուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող մեծ քաղաքական գործընթացներ, որտեղ ներգրավված են միջազգային դերակատարները, որի շրջանակներում լուծվում են նաև որոշ մարդասիրական խնդիրներ»,- նշեց Սահակյանը։