կարևոր
4264 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-20 13:24

Իշխանության գաղտնի, գրավոր փաստաթղթի հիման վրա են Սյունիքում առաջ եկել ադրբեջանական զորքերը

Իշխանության գաղտնի, գրավոր փաստաթղթի հիման վրա են Սյունիքում առաջ եկել ադրբեջանական զորքերը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը հարցումներ են ուղարկել կառավարություն, ԱԱԾ, ՊՆ, Գլխավոր շտաբ և այլ կառույցներ՝ պարզելու՝ ի վերջո, ինչ պայմանավորվածությունների՝ գրավոր կամ բանավոր, հիման վրա մեկ տարի առաջ Սյունիքում ետ են քաշվել հայկական զինված ուժերը, մոտ 20 կմ ադրբեջանական զորքերը առաջ են եկել ՀՀ ինքնիշխան տարածք, ինչո՞ւ է ռազմակավարական մայրուղու մի հատվածն անցել ադրբեջանական վերահսկողության տակ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին պատգամավորները ներկայացրին մեկ տարի շարունակ ուղարկված հարցումների պատասխանները և դրանց հիման վրա արված բացահայտումները: 

«Հիշեցնեմ, որ երբ ադրբեջանական զորքերն իրենց GPS սարքերով Սյունիքում մոտենում էին հայկական գյուղերին, Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե բանավոր փոխըմբռնման հիմքով են առաջ եկել ադրբեջանական զորքերը։ Մեկ տարի շարունակ մենք հստակ պատասխանը չունեինք, թե իրականում ինչ էր տեղի ունեցել», - ԱԺ-ում հրավիրված ասուլիսին ասաց Աննա Գրիգորյանը։

Գեղամ Մանուկյանը ներկայացրեց պաշտոնյաների խուսափողական և իրարամերժ հայտարարությունները: 

«Դեռևս դեկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստին շատ հպանցիկ հայտնում է Սյունիքում ադրբեջանական զորքերի տեղաբաշխման մասին: Նշում է, որ Սյունիքում սահմանապահ զորքեր են տեղակայվում: 

Դեկտեմբերի կեսերին «Զինուժ» ծրագրով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տալիս և ասում, որ որևէ փաստաթուղթ չկա, պարզապես նշում է, որ Սյունիքում սահմանապահ զորքեր են տեղակայվել:  

Փետրվարին արդեն Հրանտ Բագրատյանը հրապարակեց մի գրավոր, ստորագրված փաստաթուղթ, որով հաստատվում էր ադրբեջանական զորքերի տեղակայման փաստը: Արդեն փետրվարի 10-ին Ավինյանին հարց են տալիս՝ կա՞ այդպիսի փաստաթուղթ, թե՝ ոչ: Ավինյանը նշում է, թե պետական գաղտիք է, ու հաստատում, որ Սյունիքում և՛ մեր կողմից, և՛ ադրբեջանական կողմից սահմանապահ զորքերն են հսկում այդ տարածքը: Սրանից հետո ԱԺ-ում որևէ ձևաչափով հարցը չի քննարկվել»,- ասաց Գեղամ Մանուկյանը: 

Պատգամավորները մեկ տարի շարունակ տարբեր գերատեսչություններ հարցումներ են ուղարկել այս փաստաթղթղի վերաբերյալ, սակայն ստացել են իրարամերժ, խուսափողական պատասխաններ: 

Պաշտպանության նախարարությունից, օրինակ, պատասխանել են, թե՝ Ձեր հարցումները դուրս են Պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակից: 

Արդեն այս տարվա հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հարցուպատասխանին Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց.

«Պաշտպանության նախարարություն հարցում եմ ուղարկել, մի քանի հարցերից՝ արդյոք 2020 թվականի դեկտեմբերի 17, 18-ին և դրան հաջորդող օրերին զինված ուժերի ստորաբաժանումների և կամավորական խմբերի ետքաշման համար տրվե՞լ է պաշտոնական հրաման, եթե այո, ապա ու՞մ կողմից: Նման հրամանի առկայության պայմանում ինչի՞ հիման վրա է այդպիսի որոշում կայացվել, զինված ուժերի ստորաբաժանումների, կամավորական խմբերի ետքաշումից առաջ, Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում Պաշտպանության նախարարի կողմից, ստորագրվե՞լ է այդպիսի պայամանագիր: Եթե այո, ապա ու՞մ կողմից է ստորագրվել: Շուրջ մեկ ամիս հետո Զինված ուժերի մասին հարցումներից հետո Պաշտպանության նախարարությունը պատասխանում է, որ բարձրացված հարցերը ՊՆ-ի իրավասությունից և լիազորություններից դուրս են: Հիմա ու՞մ ուղղեմ հարցս»: Նախ ԱԺ նախագահն առաջարկեց գրավոր դիմել, իսկ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կրկին խուսափեց կոնկրետ պատասխան տալ:

Աննա Գրիգորյանի հարցին, ի վերջո, Փաշինյանն ուղիղ պատասխանեց, որ զորքերի հետ քաշման հրամանն ինքն է տվել՝ պատերազմից խուսափելու համար: 

Մեկ տարի շարունակ այսպես խոսել են կամ բանավոր պայմանավորվածությունների մասին, կամ խուսափել են պատասխանից: Սակայն.

«Շատ անակնկալ վերջերս ստացա ԳՇ պետի պատասխանը։ Գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակել։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ ետ են քաշվել. Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Աննա Գրիգորյանն ասաց նաև, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այսպիսով, իշխանությունը մեկ տարի շարունակ հասարակությունից թաքուն է պահել, հարցումներին հրաժարվել է պատասխանել, թե ինչի հիման վրա են Սյունիքում հայկական զորքերը հետ քաշվել: 

Փաստենք, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շայգուն մեկ տարի առաջ փաստաթուղթ են ստորագրել, որի մասին չի բարձրաձայնվել, ավելին՝ գաղտնի փաստաթուղթ է համարվում: