կարևոր
2452 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-19 18:23

Բանագնացի պատկերացումները Հայաստանի շահի մասին հեռու են բավարար լինելուց. Ռուբեն Մելիքյան

Բանագնացի պատկերացումները Հայաստանի շահի մասին հեռու են բավարար լինելուց. Ռուբեն Մելիքյան

Հայաստան-Թուրքիա բանակցությունների և բանագնացների մասին է գրել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

«Անցած 30 տարվա ընթացքում տարբեր ֆորմատների և ինտենսիվության հայ-թուրքական հանդիպումներ, բանակցություններ են եղել, սակայն դրանցից և ոչ մեկի ժամանակ Հայաստանը չի եղել նման թույլ և խոցելի վիճակում ինչպես քաղաքական, դիվանագիտական, այնպես էլ բանակցողների առումով:

Մասնագետների համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ունի կայացած դիվանագիտական համակարգ, թուրքական ԱԳՆ-ն կարևոր ինստիտուցիոնալ կառույց է` իր ավանդույթներով, պրոֆեսիոնալիզմով և կադրերով: Այսինքն` սա այն դեպքն է, երբ թշնամուն հատկապես պետք չէ թերագնահատել:

Հայաստանը իր անկախության տարիներին կարողացել է ԽՍՀՄ շրջանում ձևավորված հիմքի վրա ստեղծել և զարգացնել հայկական դիվանագիտական համակարգը, որտեղ կայացել են բազմաթիվ պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք ներդրում ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում: Սակայն փաստենք մի կարևոր հանգամանք` անցնող գրեթե մեկ տարվա ընթացքում հրաժարական ներկայացրեցին և արտաքին քաղաքական գերատեսչությունից հեռացան կամ հեռացվեցին մի շարք պրոֆեսիոնալ դիվանագետներ (խոսքը չի վերաբերվում Հայաստանի պատմության մեջ ամենաձախողակ և անհաջող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին): Հեռացած դիվանագետները ինստիտուցիոնալ և բանակցային գործընթացի հիշողության, տեղեկությունների, փաստերի կրող էին և նրանց հեռացումը Հայաստանի դիվանագիտական մոտալուտ կապիտուլիացիայի մասին ահազանգի դեր պետք է խաղար` զգաստացնելով հատկապես մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին:

Հիմա գամ բանագնաց նշանակված անձին` ՌՌ-ին.

  • Ակնհայտ է, որ նա մեղմ ասած չի փայլում գիտելիքով, չունի փորձ, անցած ճանապարհ, տառապում է մեծամտության ամենաբարդ տարբերակով, ուստի և զրկված է խորհուրդ հարցնելու և որ ամենակարևորն է դրանք լսելու անհրաժեշտության գիտակցումից: Այնպես որ հնչող մտքերը, թե բանագնացին պետք է համակողմանի խորհուրդներ տալ անիմաստ է, իրենք «ամեն ինչ գիտեն»:
  • ՌՌ-ն Հրանտ Դինք հիմնադրամի միջոցներով որոշ ժամանակ ուսանել, թե հետազոտություն է արել Թուրքիայում, որը չէր կարող նրան տալ խորքային և իրական գիտելիք այդ երկրի մասին: Եվ երկրորդ` այդ հիմնադրամի ծրագրերին մասնակցելն ամենևին էլ դրական չի խոսում մասնակցի մասին: Կարող են լինել լալահառաչ ապազգային ձայնարկություններ, թե Հրանտ Դինքի անվան հիմնադրամով է գնացել, ուստի այդտեղ հակահայկական ոչինչ չկա, սակայն ասեմ, որ նախ` Հրանտ Դինք հիմնադրամը շատ քիչ կապ ունի հայերի հետ և երկրորդ` սոցիալիստ, Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքի ոչ բոլոր մտքերն ու պատկերացումներն էին սինխրոն Հայաստանի շահերի հետ:
  • Բանագնացի պատկերացումները Հայաստանի շահի, հայ-թուրքական հարաբերությունների մասին, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց և լիովին համապատասխանում են իրենց թիմի «թշնամանքը կառավարելու», ինչպես նաև լիպարիտյանական ոճին:
  • Եվ վերջինը` սա մի կողմից բացահայտ կուսակցամոլություն է բանագնաց նշանակել կուսակցի, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետի, սակայն մյուս կողմից միգուցե այդ բանակցություններում լինելու են այնպիսի հարցեր, որոնց կոնֆիդենցիալությունը գերկարևոր է իշխող ուժի և հատկապես դրա ղեկավարի համար, ուստի պետք է վստահելի անձ, ինչպիսին է բանագնաց ՌՌ-ն: Բացի այդ, միգուցե հայ պրոֆեսիոնալ դիվանագետը մասնագիտական պատվին հավատարիմ և Հայաստանի շահի գիտակցումից ելնելով` չգնա այն զիջումներին և քայլերին, որոնց առանց որևէ խղճի խայթի և էմոցիայի կգնա քպ-ական բանագնացը:

Հ.Գ. Այնպես որ կարելի է ակնկալել, որ հայ-թուրքական սպասվող բանակցությունները կանցնեն «կառուցողական մթնոլորտում» և ավարտին բանագնացը կզեկուցի, որ «միսիան իրագործված է»: Մնում է միայն պարզել, թե այդ միսիան արդյոք որևէ կապ ունի՞ Հայաստանի և հայության շահերի հետ.....»:

Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն հաստատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հայտնած տեղեկությունը, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև՝ համապատասխան կրթություն։ 

Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ: 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Հատկանշական է 2019 հունիսին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբինյանի սկանդալային քվեարկությունը. ԵԽԽՎ-ում, իր խոսքով, պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին։ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել: Ազգային ժողովի նախագահի տեղակալն է:

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։