կարևոր
2293 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-18 22:05

Ռուբեն Ռուբինյանը բանագնաց նշանակվեց ուշ երեկոյան, երբ ամեն ինչ արդեն հայտնի էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-թուրքական հնարավոր հաշտեցման ուղղությամբ տարվող ոչ հրապարակավ աշխատանքը քիչ թե շատ հանրայնացնում է Թուրքիան, հանձին՝ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի:

Մի քանի օր անց արդեն Չավուշօղլուն փակագծերն ավելի է բացել: Բանագնացներն այդ պաշտոնում նշանակվելուց հետո, թուրք պաշտոնյայի տեղեկացմամբ, ուղիղ կապի դուրս կգան, կհամաձայնեցնեն, թե երբ ու որտեղ են հանդիպելու:Չավուշօղլուն կարծում է, որ ճիշտ չի լինի նախօրոք ասել, թե ինչ են խոսելու ներկայացուցիչները, սակայն առաջնահերթությունները կարելի է որոշակիացնել: Ճանապարհային քարտեզ էլ են մշակելու: Ու ի դեպ, թեմային երկրորդ անգամ անդրադառնալուց եւս Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է՝ Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի հայ-թուրքական կարգավորման գործընթացում:

Չավուշօղլուի այս վերջին խոսքերին պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել: Մինչեւ օրս միայն ողջունել է հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին նրա հայտարարությունը:  Բայց մեկ կարեւոր հանգամանք. մեր երկրի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունից այն տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմը Չավուշօղլուի հայտարարությունից հետո միայն որոշել է հատուկ ներկայացուցիչ նշանակել: Այնինչ, Թուրքիայի խորհրդարանում այդ երկրի արտգործնախարարը նաեւ Հայաստանի մասին էր խոսում ու հստակ ասում՝ փոխադարձաբար են նշանակում:

«Անկարայի ու Բաքվի նպատակները քաջ հայտնի են»,-կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը: Նրան լրագրողները հանդիպել են Երեւանի պետական համալսարանում ու նախկին նախարարը պաշտոնավարումից հետո առաջին անգամ անդրադարձել է արտաքին քաղաքական թեմաներին: Արա Այվազյանի գնահատմամբ՝ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր հաստատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հայտնած տեղեկությունը՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։