Արցախի դրոշը ձեռքին, իսկ Արցախը մտքում լրագրող Ռուզան Խաչատրյանը պատշգամբից կախում է Արցախի դրոշն այնպես, որ դրսից թեկուզ պատահական անցորդներին տեսանելի լինի հայկական երկրորդ հանարապետության խորհրդանիշը:
Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ մարդիկ կամավորագրվում էին առաջնագիծ մեկնելու ու հայրենիքը պաշտպանելու համար՝ տարածված կարագախոսներից առավել հաճախ հնչում էր՝ «Կյանքս Արցախին» արտահայտությունը: Ֆլեշմոբի հեղինակները հենց այս կոչից ոգեշնչված նախաձեռնել են մեր ժամանակներին համահունչ՝ «Միտքս Արցախին» ֆլեշմոբը՝ հիշելու եւ հիշեցնելու՝ որ առանց Արցախ չկա Հայաստան եւ առանց Հայաստան չկա Արցախ, իսկ կորուստների հետ համակերպվելը նոր կորուստների կհանգեցնի:
Ակցիային միացել են մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, ինչպես նաեւ Արցախի համար մտահոգ քաղաքացիներ, Հայաստանից, Արցաքից ու նաեւ՝ Սփյուռքից: Գաղափարին զորակցողների թվում է Հայաստանի առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Արցախյան շարժման ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանը: Նա կոչ է արել Հայստանից ու Սփյուռքից միանալ այս նախաձեռնությանը եւ Նոր տարին դիմավորել Արցախի դրոշը ծածանելով, որպեսզի 2022-ը դառնա հույսի ու վերելքի տարի:
Հայաստանում Առաջին հանրապետության օրերին սկաուտության հիմնադիր Վահան Չերազի դուստրը՝ Բյուրակն Իշխանյանը, հակառակ իր տարիքին, ոգեւորվել է գաղափարով ու կարեւոր խորհուրդ է տեսնում այս նախաձեռնության մեջ։
Ֆլեշմոբին միանալու համար հարկավոր է համացանցում տեղադրել լուսանկար կամ տեսանյութ Արցախի դրոշով, որը փակցված կլինի հանրությանը տեսանելի տեղում եւ հրապարկել այն «Միտքս Արցախին» հեշթեգով: Ակցիային միացել են նաեւ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայեր:
Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը եւս միացավ «Միտքս Արցախին» նախաձեռնությանը՝ համոզմունքով, որ առանց Արցախ չկա Հայաստան եւ առանց Հայաստան չկա Արցախ:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։