կարևոր
2647 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-18 20:50

«Երկիր Մեդիա»-ի տեղեկատվությունը հաստատվեց. Ռուբեն Ռուբինյանը՝ բանագնաց

«Երկիր Մեդիա»-ի տեղեկատվությունը հաստատվեց. Ռուբեն Ռուբինյանը՝ բանագնաց

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր հաստատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հայտնած տեղեկությունը.

«Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը»,- գրել է Վահան Հունանյանը։

Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ: 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Հատկանշական է 2019 հունիսին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբինյանի սկանդալային քվեարկությունը. ԵԽԽՎ-ում, իր խոսքով, պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին։ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել: Ազգային ժողովի նախագահի տեղակալն է:

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։