կարևոր
1630 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-18 19:30

Սերժ Սարգսյանը ժողովրդից չի նեղացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հիմա լա՞վ եք ապրում»։ Իր հեռանալու ու լավ ապրելու մեջ ուղիղ կապ փնտրողներին է հարցնում:

Սերժ Սարգսյանը հայրենիքից ու ժողովրդից չի նեղացել, հատուկ շեշտում է՝ անգամ երբ դեռ շարունակում է չհասկացված մնալ: «Սերժին հեռացնենք, լավ կապրենք» ասողներից հետո, դիմում է «Արցախը հանձնենք, լավ կապրենք» ասողներին. սա քայքայեց 30-ամյա անկախության հիմքերը:

Համագումարի հաշվետվությունն այս անգամ տարբերվող էր. ընդդիմադիր բովանդակությամբ: Սերժ Սարգսյանը հիմա լավ գիտի՝ իշխանությունից ընդդիմություն դառանալու ճանապարհը բարդ է. շատերը չեն դիմանում փորձությանը՝ քաղաքական հետապնդումների, զրպարտությունների, ընտանիքներին թիրախավորելու տեսքով, ոմանք էլ պարզապես պատեհապաշտ են եղել. քաղաքական ընտանիքը լքել են սեփական շահերի համար: Վերջիններին, հատկապես, անուններով գիտի. նրանք էին, ում պատճառով ամենաշատն էին Հանրապետականին քննադատում:

2018-ին վարչապետի պաշտոնն իշխանությունը պահելու համար չէ, որ ուզում էր: Արցախը պետք է պահեր, բայց հեռացավ, որ մանիպուլյացիայի ու ստի մեծ չափաբաժնից թունավորված ժողովուրդը հանդարտվի: Ծանր երկընտրանքի առջեւ է եղել՝ հեռանալ կամ արյուն թափելով մնալ իշխանության:

Մեծ-մեծ խոսելը հեշտ է .ասում է նրանց, որոնք 2018-ին իր անցնցում հեռանալը ճիշտ էին համարում, հիմա՝ սխալ: Ինքն իր սխալները լավ գիտի. խնդիրները դանդաղ էին լուծվում, երկրում կար անարդարության եւ կոռուպցիայի բարձր ընկալում: Ինքը բավականաչափ կոշտ չէր ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ, ժողովրդի հետ էլ մինչեւ վերջ բաց չէր շփվել: Սխալները շատ են եղել, բայց «ամեն ինչում Սերժն է մեղավոր» ասողները պարզապես խուսափում են իրենց բաժին պատասխանատվությունից:

Սերժ Սարգսյանն իրեն վերագրվող մեղքերից մեկն էլ առասպել է համարում, թե համագործակցել է Փաշինյանի ու մյուս թավշյա հեղափոխականների, կամ ինչպես ինքն է անվանում՝ կապիտուլյանտների հետ ու իշխանությունը նախապես պայմանավորված հանձնել նրանց: Տեղի ունեցածը իշխանոփոխություն չէ, իշխանազավթում է համարում, սցենարի հեղինակն էլ՝ արտաքին ուժերին:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։