կարևոր
1180 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-17 19:59

ՀՅԴ Բյուրոն և Դաշնակցության ամբողջ ընտանիքը ջերմորեն շնորհավորում են «Ալիք» օրաթերթի 90-ամյակը

ՀՅԴ Բյուրոն և Դաշնակցության ամբողջ ընտանիքը ջերմորեն շնորհավորում են «Ալիք» օրաթերթի 90-ամյակը

ՀՅԴ Բյուրոն իր և Դաշնակցության ամբողջ ընտանիքի անունից ջերմորեն շնորհավորում է «Ալիք» օրաթերթի 90-ամյակը։

«Մեր երախտագիտութեան խօսքն ենք յղում «ԱԼԻՔ»-ի խմբագրակազմերին ու աշխատակիցներին, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիւ «ԱԼԻՔ»-ը 9-ը երկար տասնամեակներ անխափան հասել է իրանահայ ընթերցողին՝ նրան փոխանցել ՀՅԴ գաղափարախօսութիւնն ու ազգային-քաղաքական դիրքորոշումները:

«ԱԼԻՔ»-ը նաեւ առաջատար դիրքերում եւ մնայուն հեւքով արձագանգել է մեր մշակութային, կրթական ու հասարակական հաստատութիւնների գործունէութեանը՝ բարձր գնահատելով դրանց դերը համայնքի կենսունակութեան մէջ:

Իր բազմամեայ լրատւական-հրատարակչական գործում «ԱԼԻՔ»-ը շաղկապել է Հայրենիքն ու Սփիւռքը՝ այդ թւում իրանահայ համայնքը, խթանելով միմեանց ճանաչման գործին եւ միեւնոյն ազգի անբաժանելի մասնիկը հանդիսանալու ընկալմանը:

Առաւել, «ԱԼԻՔ»-ը մշտապէս ջատագովն է եղել Իրան-Հայաստան փոխադարձ ճանաչողութեան մակարդակի բարձրացմանն ու բարեկամութեան խորացմանը:

«ԱԼԻՔ»-ին մաղթում ենք բեղուն կեանք եւ ՀՅԴ ազգային նպատակների ու գաղափարախօսութեան իրագործմանն ուղղւած արդիւնաւէտ գործունէութիւն»:

«Ալիք» օրաթերթը հրատարակվում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում, սկզբում որպես շաբաթաթերթ, 1935 թ.-ից երկօրյա, իսկ 1941թ.-ից օրաթերթ, 1965 թ.-ից էլ լույս է տեսնում 8 էջով։ Հրատարակվել է առանց դադարի, միայն 1979 թ. հունվարին Իրանի հեղափոխութեան հաղթանակի նախօրյակին մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին՝ շուրջ 40 օր դադարել է հրատարակվելուց։ Ունի Հ.Յ.Դ.-ի գաղափարա-քաղաքական ուղղվածություն և իր բովանդակության առանցքն է կազմում Հայ Դատի հետապնդումը։ Նախապես ունեցել է շեշտված հակախորհրդային դիրքորոշում՝ ի նպաստ հայ ժողովրդի անկախության վերականգնման։