20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը որոշում է կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իր լիազորությունները։ Երիցյանը հայտնել է իր որոշման մասին։
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարվա ընթացքում հեղինակել եմ մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իմ ներդրումն եմ ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել եմ երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում: Ամենակարևորը՝ հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս և 2018-ի հեղափոխության արժեքներին:
Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար: Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին միասին անցած բարդ ճանապարհի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այսօր արդեն ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ իրենք ևս կմիանան այս նախաձեռնությանը: Իսկ «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը ասել են, որ ավելի ուշ կտեղեկացնեն իրեց որոշման մասին:
Հավելենք, որ մինչ այս պահը «Իմ քայլի» նախաձեռնությանը չմիանալու մասին հայտարարել են ավագանու անդամներից Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Վահե Գևորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գայանե Վարդանյանը, Օսվաննա Հովսեփյանը։