կարևոր
1105 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 14:39

Դիմադրությունը պետք է լինի երկու ճակատով՝ իշխանության և թշնամու դեմ. Իշխան Սաղաթելյան

Դիմադրությունը պետք է լինի երկու ճակատով՝ իշխանության և թշնամու դեմ. Իշխան Սաղաթելյան

Հայաստանում այսօր համատարած ապօրինություններ և բռնաճնշումներ են, ամեն օր քաղաքական հայացքների համար մարդիկ են կալանավորվում, այդ բոլոր հրահանգներն իջնում է Բարձրագույն դատական խորհրդից և նախարարությունից, որոնք Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք են դարձել՝ Հայաստանում բռնություններ իրականացնելու համար: Լրագրողների հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, դիմադրելու այս ապօրինությունների շղթային, պահանջելու ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնք կալանավորված են իրենց  քաղաքական գործունեության համար: Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, որոնք փորձում են պայքարել Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման դեմ»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ պետք է կանխենք, վերջ դնենք այս ապօրինություններին, չարիքի կառավարությանն ուղարկենք գրողի ծոցը, որովհետև յուրաքանչյուր օր թուլացնում է մեր ժողովրդի դիմադրողականությունը, յուրաքանչյուր օր մեր երկիրը տանում է նոր պարտությունների ու զիջումների:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները սերտորեն համագործակցում են քրեական հեղինակությունների հետ և նրանց միջոցով փորձում են ճնշում գործադրել համայնքապետերի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ:

«Բոլոր հրահանգներն իջեցվում են հենց Բարձրագույն դատական խորհրդի շենքից ու դատախազությունից, որոնք Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք Հայաստանում բռնություններ իրականացնելու և մեկ մարդու բռնապետություն հաստատելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ պետք է համախմբել բոլոր գիտակից ուժերին, ընդդիմադիր դաշտն ու հեռացնել այս իշխանությանը:

«Դիմադրությունը պետք է լինի երկու ճակատով՝ դիմադրություն թշնամուն, դիմադրություն թշնամու շահերը սպասարկող՝ այսօր Հայաստանի իշխանության ղեկին հայտնված մարդկանց: Երբ ձևավորենք համազգային դիմադրություն, թշնամին կհեռանա մեր սահմաններից, սրանք իրենց աթոռներից»»,-եզրափակեց Սաղաթելյանը: