կարևոր
2824 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-17 14:29

Թալինում ՔՊ-ն հասավ իր ուզածին

Թալինում ՔՊ-ն հասավ իր ուզածին

Քիչ առաջ Թալին խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում ավագանին համայնքի ղեկավար ընտրեց ՔՊ կուսակցության ներկայացուցիչ, մինչ այդ Թալինի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։ Տավրոս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:

Սափեյանը չպետք է ընտրվեր համայնքապետ, քանի որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնք» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով Կարեն Գրիգորյանին՝ «Հայք» կուսակցությունից։

Presstime.am-ի հաղորդմամբ՝ այսօր Գրիգորյանը ոչ միայն ինքնաբացարկ հայտնեց, այլ նաև վճռորոշ դերակատարում ունեցավ համայնքապետի ընտրության հարցում։ Այն բանից հետո, երբ Գրիգորյանն ինքնաբացարկ հայտնեց, որպես ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրվեց Դավիթ Մանուկյանը, իշխող ՔՊ-ի կողմից՝ Տավրոս Սափեյանը։

Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում պարզվեց, որ Սափեյանը համայնքապետ ընտրվեց՝ ստանալով մեկ ձայն ավել, այդ ձայնը հենց Կարեն Գրիգորյանի ձայնն էր։

Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո Սափեյանը շնորհակալություն հայտնեց բոլորից․ «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կարենին»: «Շնորհակալություն մի հայտնի, խոնարհվի իր առաջ»,-լսվեց նիստերի դահլիճում։

Քվեարկությունից հետո Կարեն Գրիգորյանն արագ հեռացավ։

Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Գրիգորյանը պատասխանատվություն է կրում 6 հազար ընտրողի առջև․ «Երեք կուսակցությունները միացել էին, ինքը ստորագրել էր այդ հուշագրի տակ, հիմա դեմ է քվեարկել իր որոշմանը, թող ասի, թե ինչու»։ Մանուկյանը նաև չբացառեց, որ կարող են մանդատները վայր դնել՝ նշելով, որ պատասխանատու են 6 հազար ընտրողի առջև, այդ պատասխանատվությունը տանելու են մինչև վերջ։

Նա ասաց, որ Գրիգորյանի պահվածքում փոփոխություն նկատել է վերջին ժամանակները, ընտրությունների ժամանակ, հուշագիրը ստորագրելու ժամանակ ամեն ինչ նորմալ է եղել։

Լուրերին, որ նրա ընտանիքի անդամներին ճնշել են, Մանուկյանն ասաց, որ դա ինքը պետք է բարձրաձայնի, եթե նման բան կա․ «Նաև ինքը պետք է պատասխանի, թե ինչու հետ կանգնեց պատասխանատվությունից, որը վերցրել ու հետ է կանգնել»։

«Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը, որն այսօրվա նիստում ինքնաբացարկ հայտնեց՝ առաջարկելով քվեարկել Դավիթ Մանուկյանի օգտին, ասաց, որ հարցերին պետք է Գրիգորյանը պատասխանի․ «Մենք չենք խոսել, դա իր որոշումն է եղել, չեմ կարող ուրիշի փոխարեն պատասխանել»։

Մնացականյանի խոսքերով, Գրիգորյանը քվեարկել է ՔՊ-ի թեկնածուի օգտին, ինչը երևաց բաց քվեարկության ժամանակ։ «Ես լսեցի, որ նա դիմեց ՔՊ թեկնածուին ու ասաց, որ վերջինս պետք է իմանա, թե ում խաթր է այդ ձայնը տալիս։ Եթե որևէ մեկի խաթր որևէ մեկը կարող է 6 հազար մարդու ձայն ոտնատակ տալ․․․ սա 29 համայնքի ընտրողի խնդիր է»։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Զարթոնք» կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Թալինի բաժին: Բացի այդ, «Հայք» լիբերալ կուսակցությունը լարվածությունը թոթափելու համար որոշում էր կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր մասնակցում էին ավագանու նիստին:

Թալինում ՏԻՄ ընտրության արդյունքները հետևյալն էին.

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 882
«ՀԱՅՔ» ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 624
«ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 1 258
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5 037
Անճշտությունների գումարային չափը 0