կարևոր
1507 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-17 14:05

ԵՊՀ ռեկտոր ընտրվեց ՔՊ-ական միակ թեկնածուն

ԵՊՀ ռեկտոր ընտրվեց ՔՊ-ական միակ թեկնածուն

Քիչ առաջ ավարտվեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը: Միակ թեկնածուն ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էր, որը վերջերս ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել։ 19 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը 5 տարի ժամկետով ռեկտոր-կառավարիչ ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին: Նիստն, ըստ կանոնակարգի, անցել է դռնփակ: 

«Ժամանակին, երբ խոսք էր գնում ու հարցնում էին՝ հավակնում եմ այս պաշտոնին, թե ոչ, ասում էի, որ այս պահին նման պլան չկա։ Դա եղել է երկու տարի առաջ։ Հետագայում մարդկանց ծրագրերը փոխվում են։ Շատ բաներ փոխվեցին, և ես գտա անհրաժեշտությունը, որ պետք է գամ ԵՊՀ։ Կարծում եմ՝ իմ աշխատանքի 4 ամսվա ընթացքում ապացուցել եմ հօգուտ ԵՊՀ-ի, որ իմ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը»,- լրագրողներին հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո թիկնապահների մի մեծ խմբի ուղեկցությամբ արագ հեռացավ ՀՀ պաշտպանության նախարար, ՔՊ վարչության անդամ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջերս ընտրված նախագահ Սուրեն Պապիկյանը լրատվամիջոցների հարցերին չպատասխանեց: Իսկ հարցին, թե ո՞ւր կորավ ժողովրդավարությունը, երբ իրենք կանգնում և ժամերով զրուցում էին լրագրողների հետ, Պապիկյանն արձագանքեց. «Ես միայն լրագրողների հետ եմ խոսում, հեռու գնա»՝ ակնարկելով, որ իրեն հարց ուղղողները լրագրողներ չեն։

Նիստից առաջ Սուրեն Պապիկյանը լրագրողներին հարցերին ևս չէր պատասխանել, միայն արձագանքել էր, թե բուհերի կուսակցականացմանը ճանապարհով են չեն գնում: 

Իսկ ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Մայր բուհի քաղաքականացմանը: Երիտասարդները բուհ էին մտել «Ո՛չ բուհերի քաղաքականացմանը», «Ո՛չ ՔՊ-ացմանը», «Բուհերի քաղաքականացումը հո պոզով-պոչով չի լինում՚» թռուցիկներով և պաստառներով:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները բարձրաձայնում էին բուհի կառավարման համակարգում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներգրավման եւ ռեկտորի ընտրության հետ կապված երկար ձգվող ու շարունակվող խնդրիրները: Ակցիայի մասնակիցները հիշեցրին, թե հեղափոխությունն իրականացնելիս ՔՊ-ականներն ինչպես էին բուհերի ու դպրոցների քաղաքականացման դեմ բողոքում ու ինչ են անում հիմա՝ իշխանությունում հայտնվելուց հետո: