կարևոր
574 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-17 12:04

Ո՛չ՝ Համալսարանի ՔՊ-ացման. բողոքի ակցիա ռեկտորի ընտրության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ո՛չ՝ Համալսարանի ՔՊ-ացման. բողոքի ակցիա ռեկտորի ընտրության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի պետական համալսարանում այժմ ընթանում է ռեկտորի ընտրությունը։ Ռեկտորի պաշտոնի միակ թեկնածուն ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է, որը վերջերս ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել։ 

ԵՊՀ է ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարար, ՔՊ վարչության անդամ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջերս ընտրված նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, իսկ դիտարկմանը, որ ժամանակին բուհերի կուսակցականացմանը դեմ էին խոսում, իսկ հիմա այդ ճանապարհով են գնում, միայն ասաց՝. «Այդ ճանապարհով չենք գնում»։

Ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԵՊՀ-ում՝ բողոքելով կրթական հաստատության քաղաքականացմանն ուղղված՝ իշխանության ջանքերի դեմ: Երիտասարդները բուհ էին մտել «Ո՛չ բուհերի քաղաքականացմանը», «Ո՛չ ՔՊ-ացմանը», «Բուհերի քաղաքականացումը հո պոզով-պոչով չի լինում՚» թռուցիկներով և պաստառներով:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները բարձրաձայնում էին բուհի կառավարման համակարգում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներգրավման եւ ռեկտորի ընտրության հետ կապված երկար ձգվող ու շարունակվող խնդրիրները: Ակցիայի մասնակիցները հիշեցրին, թե հեղափոխությունն իրականացնելիս ՔՊ-ականներն ինչպես էին բուհերի ու դպրոցների քաղաքականացման դեմ բողոքում ու ինչ են անում հիմա՝ իշխանությունում հայտնվելուց հետո: 

«Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր ունենանք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու։ Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չէինք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը: Ես, որպես Մայր բուհի ուսանող, ուղղակի չեմ կարող լռել և թույլ տալ, որ Պապիկյան Սուրենն այսօր ղեկավարի հոգաբարձուների խորհուրդ և իմ փոխարեն որոշի մեր բուհի ապագան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանը:

Ուսանողները նշեցին, որ իրենց պայքարը շարունակելու են, և ամենամեծ վտանգը ԵՊՀ-ի քաղաքականացումն են համարում։ «Ամեն ինչ անում են, որ ուսանողի, դասախոսի ազատ խոսքը լռեցնեն։ Մեր նպատակը ԵՊՀ-ի ՔՊ-ականացնելու դեմն առնելն է», - նշեցին ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ Մայր բուհը շուրջ երկու տարի է ռեկտոր չունի: