Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը։ Խորհուրդը որոշեց չմիանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Հայտնում է Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Փաշինյանի մասնակցությամբ հավաք էր կազմակերպել, որից հետո հայտարարություն տարածեցին: «Իմ քայլը» դաշինքը հայտնեց, որ նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, պատճառներից մեկն էլ այն է, թե քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» դաշինքը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Երեկ արդեն ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ իրենք ևս կմիանան այս նախաձեռնությանը: