կարևոր
556 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 23:43

Իշխանությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հեգնանք թե պարզապես տրամադրություն բարձրացնող լուր: Իշխանության թիրախում հայտնված քաղաքապետը շարունակում է իր աշխատանքը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնելով,որ ստորագրել է եւս 100 նոր ավտոբուսի եւ 100 վերելակի գնման հայտեր, չնայած որ Հայկ Մարությանին իշխանությունն իրականում որոշել է հեռացնել պաշտոնից: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը նաեւ Հայկ Մարությանի դասընկերն է, քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի առնչությամբ չի ցանկանում մեկնաբանել:

Ազատություն ռադիոկայանին իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել էր, որ Մարությանին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա»։ Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չի ցանկացել՝ խոստանալով, որ դրանց առանձին կանդրադառնան։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ վստահեցնում է, որ Հայկ Մարությանը հրաժարական տալու մտադրություն չունի:

Շրջանառության մեջ դրված նախագծով «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին, իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողներից է տեղեկանում տարվող նախագծի մասին:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անթույլատրելի է համարում  իշխանության կիրառած մեթոդները իրեն չենթարկվողների նկատմամբ, բայց հիշեցրեց նաեւ, որ հենց Հայկ Մարությանն է ժամանակին Հայաստանում ատելության խոսքի սկիզբը դրել եւ ստեղծել սեւ ու սպիտակի ջրբաժանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ իրենք եւս կմիանան Հայկ Մարությանի դեմ «Իմ քայլի» անվստահության նախագծին, իսկ «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը  եւ Դավիթ Խաժակյանը ասել են, որ ավելի ուշ կտեղեկացնեն իրեց որոշման մասին:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: