կարևոր
511 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 22:46

Օրենսդիրն արագացված ընթացակարգով 13 նախագիծ պետք է ընդունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատություն ձեռք բերած Մեղրիի նախկին համայնքապետ, ընդդիմադիր պատգամավոր Մխիթար Զաքարյանի առաջին կոչն է խորհրդարանական ամբիոնից. պատգամավորը երդմամբ ստանձնեց մանդատը:

Մյուս համայնքների նորընտիր ղեկավարների ու ավագանու անդամների ձերբակալություններին, հետապնդումներին անդրադարձան ընդդիմադիրները:

Արտահերթ նիստի օրակարգում 13 նախագիծ է, բոլորը համարվել են հրատապ, պատգամավորները մի քանի ժամ ունեն դրանք քննարկելու ու ընդունելու համար: Ընդդիմությունը հիշեցրեց, որ հերթական նստաշրջանների մեծամասնությունը 4 օրվա փոխարեն 2 օր է տեւել, որովհետեւ օրակարգերում օրինագծերը քիչ էին, իսկ հիմա կարեւորագույն նախագծերը հապշտապ պետք է ընդունել, այն էլ երկու ընթերցմամբ: Դրանց շարքում նաեւ հանրակրթության մասին օրենքն է:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ոլորտի ներկայացուցիչներին.

«Գործադիրը որոշել է հանրակրթական ամբողջ համակարգը գլխիվայր փոխել արագացված ընթացակարգով` դարձյալ պատճառաբանելով, թե հրատապ է»:

Քաղաքացիները մինչեւ հունվար ժամանակ ունեն ապօրինի շինություններ կառուցելու համար, ինչից հետո երեւանաբնակները դրանք կարող են օրինականացնել մինչեւ 2023 թվականի, մյուս քաղաքների բնակիչները՝ մինչեւ 2024 թվականի, իսկ գյուղերում մինչեւ 2025 թվականի հունվարը:

Այս նախագծի վերաբերյալ հարցերն ու կարծիքները քիչ էին, իսկ նիստի ընթացքում օրակարգից դուրս ելույթներ, ինչպես միշտ, կային:

«Հայաստանում թուրքական դիվերսանտ կա, նա Երեւանում է, խորհրդարան էլ է հասել»,-ահազանգեց Անդրանիկ Թեւանյանը, նկատի ունենալով Ժիրայր Լիպարիտյանին, որին ընդունել էին իշխանական պատգամավորները:

Թագուհի Թովմասյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին հիշեցրեց Ալիեւի խոսքերը, թե հայ գերիները Հայաստան վերադառնալուց հետո ձերբակալվում են ու խոշտանգվում, ինչից հետո իշխանականների բոլոր ելույթները նվիրվեցին Թովմասյանին: Իսկ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը խուսափեց գերիների թիվը հարապարակել, խուսափեց նաեւ ասել՝ արդյոք մեր գերիներին իրենց հայրենիքում կալանավորելու փաստը դժվարություններ չի ստեղծում Հայաստանի համար միջազգային ատյաններում նրանց շահերը ներկայացնել:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: