«Ապրելու երկիր» (նախկինում` «Առաքելություն») կուսակցության համահիմնադիր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի հայտարարությանը, որով հայտնում է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում են գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
«Հարգելի երևանցիներ,
Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։
Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։
Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։
Հ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք...»:
Իսկ հուլիսին Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից: Նրա խոսքով՝ արդեն 3 ամիս է, ինչ Սարգսյանն իրենց կուսակցությունից հեռացված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» դաշինքը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: