կարևոր
1639 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 22:10

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից ի վերջո խոհեմություն ցուցաբերել. Արցախյան պատերազմի մասնակից ջոկատների հայտարարությունը

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից ի վերջո խոհեմություն ցուցաբերել. Արցախյան պատերազմի մասնակից ջոկատների հայտարարությունը

Արցախյան պատերազմի մասնակից ջոկատները հայտարարություն են տարածել.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ կամավորական ջոկատների մարտիկներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումներն արցախյան երեք պատերազմի մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ։

ՀՀ ներկայիս իշխանությունները բացարձակ անընդունելի պատճառաբանությամբ իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. այլևս անսքող մտադրությամբ Սյունիքի տարածքից թշնամուն հանձնելու, աշխարհի պետությունների կողմից ճանաչված սուվերեն Հայաստանին պատկանող, անփոխարինելի նշանակություն ունեցող հողային տարածքներ:

Տվյալ իրավիճակում, միանգամայն պարզ է, որ իր ողջ կարողություններով հայրենիքին նվիրված հրամանատարը կարող է արգելք լինել այս հակահայ ծրագրի իրականացման համար, ուստի Աշոտ Մինասյանին մեկուսացնում են՝ որպես «վտանգավոր տարրի»: Մենք նվազագույն կասկած իսկ չունենք, որ հրամանատար Մինասյանի կալանավորումը պարզ շարունակությունն է այն քաղաքականության, ինչի արդյունքում տևականորեն անազատության մեջ են գտնվում ամենքիս հայտնի Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, այլ նվիրյալներ:

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, դեկտեմբերի 1-ին անհիմն վճռով կալանավորվել է։ Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազությունը Ազգային Անվտանգության ծառայությանը ներկայացրել էր դեռևս մեկ տարի առաջ` 2020 թվականի նոյեմբերին, սակայն մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանցակազմի բացակայության պատճառով, զենքի և ռազմամթերքի հետ Աշոտ Մինասյանի կապը չհաստատվելու հիմքով:

Հարուցված գործի և կալանավորման վերաբերյալ Աշոտ Մինասյանը նույնպես դիրքորոշում է հայտնել, որում հստակորեն փաստել է, որ իրեն հետապնդելու և մեկուսացնելու նպատակը պայմանավորված է Սյունիքում տեղի ունեցող ներկա գործընթացներով:

Մենք լա՛վ ենք ճանաչում Աշոտ Մինասյան հրամանատարին՝ նվիրյալ ու անբասիր հայորդուն, ում հետ պատիվ ենք ունեցել արցախյան դժնդակ պատերազմների օրերին մաքառել միևնույն խրամատում, միևնույն ճակատում, միևնույն նպատակի համար: Ուստի, առաջնորդվելով հրամանատար Մինասյանի հանդեպ ունեցած մեր բացառիկ հարգանքով, մենք՝ կամավորական ջոկատների մարտիկներս, դարձյալ և կրկին դատապարտո՛ւմ ենք Աշոտ Մինասյանի հանդեպ կիրառվող դատական անհիմն վճիռները և պահանջում ենք ՀՀ իշխանություններից ի վերջո խոհեմություն ցուցաբերել և դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների հանդեպ:

Համոզված ենք և երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննությանը և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:

1. Թալինի կամավորական ջոկատ

2. Գավառի արցախյան պատերազմի վետերանների միություն

3. Արմավիրի «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ

4. Վարդենիսի կամավորական ջոկատ

5. Մարտունու հատուկ գնդի 5-րդ առանձնակի գումարտակ

6. Վայքի կամավորական ջոկատ

7. Եղեգնաձորի կամավորական ջոկատ

8. Գորիսի ԵԿՄ «Հայոց մարտիկներ» ջոկատ

9. Գորիս – Քոլատակի «Մխիթար Սպարապետ» կամավորական ջոկատ

10. Արցախի Շահումյանի շրջանի «Էրքեջ» ջոկատ

11. Աբովյանի ՀԱԲ –ի Արցախի բաժանմունքի առանձնակի գումարտակ

12.«Նիկոլ Դուման» կամավորական ջոկատ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը երաշխավորությունն էին հայտնել Աշոտ Մինասյանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: