կարևոր
3523 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 21:39

Իմ քայլը հրաժեշտ տվեց Հայկ Մարությանին. նոր քաղաքապետ են առաջադրել

Իմ քայլը հրաժեշտ տվեց Հայկ Մարությանին. նոր քաղաքապետ են առաջադրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հայտնում է, որ Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի ծրագրով ամրագրված պարտավորությունները։ Խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ յադ պաշտոնում առաջադրում են գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը.

«Հաշվի առնելով, որ՝

1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ;

2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում;

3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը;

4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները;

5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը;

6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում», ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության միջև տեղի է ունեցել հանդիպում։ Օրակարգում էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այսօր արդեն ավագանուԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ իրենք ևս կմիանան այս նախաձեռնությանը: Իսկ «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը ասել են, որ ավելի ուշ կտեղեկացնեն իրեց որոշման մասին: