կարևոր
1453 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 20:19

Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումն ապօրինի է. պաշտպան

Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումն ապօրինի է. պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։ Կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեի քննիչը։

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Ակնհայտ է, որ այս փուլում պետք է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեր, որովհետև ակնհայտ միջամտություն է իրականացվում ընտրությունների ընթացքին: Մենք նաեւ դատարանի առջև հարց ենք բարձրացրել, որ ժողովրդի իշխանության հարց գոյություն ունի, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է նաև ՏԻՄ ընտրություններում պաշտոնատար անձանց ընտրելով, և որ պետությունում երաշխավորվում է ժողովրդի իշխանությունն, ու ոչ ոք դրան միջամտելու իրավունք չունի: Այս պարագայում ուղիղ միջամտություն է կատարվում, և հակասահմանադրական քայլեր են արվում։ Ժողովրդի իշխանությանը դեմ է գնում իշխանությունը՝ նման քաղաքական հետապնդում իրականացնելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը՝ Ասլանյանին մեղսագրվող մեղադրանքը համարելով ապօրինի։

«Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց, քաղաքական պատվերն առայժմ կատարված է: Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»,- գրում է մյուս պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հայաստանի բնակչության երրորդ քաղաքի բնակչության մեծամասնության քվեն ստացած, մինչ վերջերս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին Հայաստանի քննչական կոմիտեն երեկ կալանավորել է։ Հատկանշական է, որ քննչական կոմիտեն այդ բոլոր փաստերով քրեական գործը հարուցել է միայն հիմա, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը սկզբունքային պայքարում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանին։