կարևոր
1522 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-16 19:14

Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանը կդառնար 54 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եթե ապրում ենք, պետք է պայքարենք, կյանքը պայքարի մեջ է». սա էր Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանի հավատամքը: Իր սկզբունքին անդավաճան՝ արցախյան ազատամարտի առաջին օրերից Արթուրը Դաշնակցության ջոկատներում մասնակցեց Հայաստանի սահմանմերձ շրջանների եւ Արցախի Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լաչինի ռազմական գործողություններին: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով:

Արթուր Ղարիբյանին ճանաչողները, մտերիմները նրա մասին այնպես են խոսում, որ թվում է՝ հիմա Արթուրը ներս կմտնի, կժպտա: Արթուրը միշտ նրանց հետ է, նրանց հիշողություններում: Հերոսի ծննդյան օրը հարազատներն ու մարտական ընկերները նշում են առանց նրա, բայց ասում են՝ Արթուրը միայն ֆիզիկապես է բացակա: Ցավով են հիշում 1992թ. նոյեմբերի 6-ը. 25 տարեկան հասակում Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ ականի պայթյունն ընդհատեց նրա կյանքը: 1991թ-ի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մատույցներում շրջափակման մեջ ընկան եւ զոհվեցին Արթուրի մարտական ընկերները՝ Դաշնակցության կամավորական խմբերի մարտիկներ Վարդան Բախշյանը, Գագիկ Գրիգորյանը եւ Վաչե Ռոստոմյանը: Արթուրը խրամատում էր, երբ չարաբաստիկ լուրը նրան հասավ, ցնցվեց, բայց խնդրեց ծննդյան առթիվ մի բաժակ խմել: Երեւի զգում էր, որ իր վերջին տարեդարձն է: Դեկտեմբերի 16-ն այսպիսով դարձել է այս տղաների հիշատակի օրը: Արթուրին ճանաչողները վստահ են՝ եթե չզոհվեր, մեծ համբավ էր ձեռք բերելու՝ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի վերջին կուրսում էր սովորում, երբ մեկնեց մարտի դաշտ, դիպլոմային աշխատանքը գրեթե պատրաստ էր, չհասցրեց ավարտել, բայց հետմահու արժանացավ դիպլոմի:

Արվեստի նկատմամբ Արթուրի սերը նկատելի էր նույնիսկ ռազմադաշտում. ընկերները պատմում են՝ Սրխավենդի անտառներում նույնիսկ, եթե մեկ րոպե ազատ էր մնում զենքը մատիտով էր փոխարինում: Արթուրի վարակիչ ժպիտն ընկերներն ու հարազատները երբեք չեն մոռանա. նրա 54-ամյակն էլ նրա անպարտ ոգով են նշում: Դուդուլը՝ զենքի ու մատիտի տիրակալը, արցախյան ազաամարտի հերոս Արթուր Ղարիբյանը, կդառնար 54 տարեկան:

Մանրամասները՝ տեսանյութում: