Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը միացել է Աշոտ Մինասյանին ազատ արձակելու կոչին:
«Այս ազգադավ իշխանությունները մեր հայրենիքը կործանելու հետ մեկտեղ կազմաքանդեցին նաև պետական բոլոր կառույցները, այդ թվում՝ դատական համակարգը։ Առանձին դատավորների համար կարևոր չէ պատվի ու արժանապատվության գիտակցումը, օրենքի և իրավունքի պաշտպանությունը։ Նրանց համար առաջնային է օրվա իշխանության համար վնգստացող դատավորի կարգավիճակ ձեռք բերելը։
Դրա վկայություններից մեկն է նաև քաղաքական հետապնդման ենթարկված Աշոտ Մինասյանի կալանավորման որոշումը պաշտպանության կողմին չտրամադրելը։
Դատավարական այդ որոշումը օրենքով սահմանված կարգով չտրամադրելու պատճառը հաստատապես մեկն է՝ պատվեր կատարող դատավորը չի կարողանում անօրինական կալանավորման համար գտնել պատշաճ հիմնավորումներ ու պատճառաբանություններ։
Կրկին կոչ ենք անում՝ դատավորնե՛ր, դադարե՛ք լինել հոգեվարքի մեջ գտնվող ազգադավ իշխանությունների կամակատար։
Կոչ ենք անում նաև՝ դադարե՛ք անօրինական և քաղաքական հետապնդումը հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ։
ԱԶԱՏՈՒԹՈՒՆ ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորությունն էին հայտնել Աշոտ Մինասյանին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: