կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 13:41

ՍԴ-ում քննվել է առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով քննել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Դատարանը հեռացավ խորհրկցությունների սենյակ որոշում կայացնելու:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՍԴ որոշումը բոլոր դեպքերում առանցքային է։ ՍԴ-ն միջամտության սահմանադրականությունն է գնահատելու։

Վարդևանյանը նշեց, որ նման հարց առհասարակ չէր կարող լինել հրամանի մակարդակում, այլ պետք է լիներ բացառապես օրենքի մասով։

«Բոլոր դեպքերում նույնիսկ օրենքի մակարդակում նախատեսված միջամտությունը պետք է լինի համաչափ և իրավաչափ։ Եթե Սահամանադրական դատարանն այս հարցով կայացնում է որոշում, որ այն սահմանադրությանը հակասող և անվավեր է, բացառապես այն հիմքով, որ օրենքով նախատեսված չէր, իհարկե էական ազդեցություն այսօրվա վիճակի վրա չի ունենա, բայց եթե ՍԴ-ն գնահատի համաչափությունը և իրավաչափությունը, վստահեցնում եմ, էական ազդեցույթուն կարող է ունենալ նաև պրակտիկայում»։

Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ն ի վերջո կանդրադառնա այն հարցին, որ պետությունը բազմաթիվ հարցերում ծախսերը կատարելու բեռը կարողանում է վերցնել իր վրա, բայց այս հարցով քաղաքացուն թողնում է միայնակ՝ պատային իրավիճակում։

«ՊՇՌ հետազոտության ծախսը եթե կատարի պետությունը, դրանում դժվարություն չկա»,- Վարդևանյանը նշեց, որ պատվաստումային քարոզի համար պարտադրանքը պարտադիր չէ, ճիշտ հակառակը։ Պատգամավորը նշեց, որ այսօր առողջապահական մասնագետները ավելի քիչ են խոսում պատվաստման կարևորության մասին, քան հենց պաշտոնյաները։

Սահամանադրական դատարանն նաև պետք է գնահատի կորոնավիրուսի դեմ պայքարում ռեպրեսիվ գործելաոճը։ Որպես օրինակ նշեց, որ քաղաքացուն կարող են ազատել աշխատանքից, եթե վերջինս ՊՇՌ թեստի պատասխանը ուշացնի, իսկ գործատուները, որոնք կփորձեն ուշացումը ընկալել, կարող են դառնալ թիրախ, ուստի այսպիսով Սահամանադրական դատարանն որոշումը կարող է կանխարգելել նաև դա։

Վարդևանյանը նկատեց, կոշտ չպետք է լինի օրենքը, պետք է այնպես արվի, որ գործատու-աշխատող փոխհարաբերույթունները չխաթարվեն։ Վերջինս հավելեց, որ եթե  պետությունը թեստավորումը նախատեսում է որպես պարտականություն, պետք է վերահսկի գների քաղաքականությունը։

«Մենք ունենք ՊՇՌ հետազոտություններ, որոնց արժեքը 40 հազար դրամ է։ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե ընկնում է այդ մեկ կլինիկայի հույսին, այդքան պետք է վճարի ՊՇՌ թեստավորման համար, դա աբսուրդ է։ 10-20 հազար դրամն էլ է առավել մեծ ծախս, որովհետև խոսքը գնում է ամսվա մեջ առավել քան երկու անգամ անելու մասին։ Եթե ինքնարժեքը 2000 դրամ է, ո՞նց կարող է այդպես դինամիկ բարձրանա։ Սա կարծես բիզնես ոլորտ լինի, որտեղ մարդիկ միլիոնատեր են դառնում մարդկանց հաշվին։ Թող պետությունը սուբսիդավորի, իրենք էլ թող դառնան, ոչ թե մարդկանց գրպանից պոկեն»։

Վարդևանյանը նշեց, որ Եվրոպական երկրների գրեթե բոլորի առաջնային ռեֆորմները երբ կատարվեց, պետությունը վճարել է թեստավորման համար, ապա որոշակի փուլից հետո մոդելը փոփոխվել է։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացվել՝ անուղղակի պարտադիր պատվաստումների և  ՊՇՌ թեստ հանձնելու անօրինական պահանջի հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ:

Մանրամասն՝ տեսանյութում: