Թուրքիան ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչին նշանակել է հատուկ բանագնաց՝ քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը, չորեքշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Արաբական Միացյալ Էմիրություններում լրագրողների հետ զրույցում Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ վերջերս երկու կողմերից էլ դրական հայտարարություններ են արվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հավելելով, որ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա։
«Մենք ամեն հարցում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ և նման քայլեր ենք անում: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Դրանք դրական բաներ են, որոնք բոլորիս օգուտ կտան», - ասել է Չավուշօղլուն:
Քըլըչի նշանակումը կատարվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությամբ, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նշենք, որ Քըլըչը կադրային դիվանագետ է, ծառայության մեջ է 1984 թվականից։ Նա 2008-2010 թվականներին եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը, 2012-2014 թվականներին՝ Ճապոնիայում Թուրքիայի դեսպանը, իսկ 2014-2021 թվականներին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Բացի այդ, 2012-2014 թվականներին Քըլըչը զբաղեցրել է նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ նա ամեն ինչ արել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, համարել է այն անհիմն մեղադրանք։
Հիշեցնենք, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ հաստատել է այս հայտարարությունը՝ գնահատելով այս քայլը դրական: Մեր տեղեկություններով Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: