կարևոր
508 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-16 11:00

Ջեյք Սալիվանը ևս ողջունել է հայ և թուրք բանագնացների նշանակման որոշումը

Ջեյք Սալիվանը ևս ողջունել է հայ և թուրք բանագնացների նշանակման որոշումը

Դեկտեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Ջեյք Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում առկա լարվածության կապակցությամբ եւ ընդգծել, որ ռազմական տեղաշարժերը ոչ սահմանազատված սահմանների մոտակայքում անպատասխանատու եւ սադրիչ են:

Պարոն Սալիվանը ողջունել է երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան եւ Հայաստանը հատուկ բանագնացներ կնշանակեն կարգավորման գործընթացը քննարկելու համար: 

 Նա ողջունել է կողմերի միջեւ շարունակվող շփումը եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել վստահության ամրապնդման և տարածաշրջանային հաշտեցման միջոցներին ինչպես երկկողմ, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։

Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աջակցություն էր հայտնել հայ-թուրքական բանագնացների նշանակմանը:  ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել էր,որ  Մոսկվան պատրաստ է խթանել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և ամեն կերպ աջակցել դրան: