կարևոր
1012 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-15 23:21

18 օր անց Փաշինյանն ու Ալիեւը նորից մեկ սեղանի շուրջ են նստել, բանակցել են չորս ու կես ժամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդամենը 18 օր անց Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը նորից մեկ սեղանի շուրջ են նստում: Այս անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կողք կողքի նստեցնելու նախաձեռնությունը ոչ թե Ռուսաստանինն է, այլ Եվրամիությանը: Եվրոպական խորհրդի նախագահը, Փաշինյանի ու Ալիեւի հետ առանձին-առանձին զրուցելուց հետո, եռակողմ հանդիպումը սկսում է ընթրիքի սեղանի շուրջ: Պարզվում է, որ Շառլ Միշելը մեկ այլ ձեւաչափ էլ էր նախատեսել: Չորս ու կես ժամ տեւած բանակցությունների ընթացքում, նա որոշ ժամանակով մենակ՝ դեմ առ դեմ է թողել Փաշինյանին ու Ալիեւին: Միշելն այս մասին պատմում է հանդիումից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

Թե ինչ են խոսել ուղիղ առանձնազրույցի ժամանակ, հայտնի չէ, Փաշինյանն ու Ալիեւը հեռացել են առանց հայտարարություններ անելու: Ճեպազրույցից հետո, արդեն գրավոր հայտարարությամբ եռակողմ հանդիպումից մանրամասներ է հայտնել Շառլ Միշելը: Ըստ այդմ՝ Փաշինյանն ու Ալիեւը հաստատել են, որ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, իսկ նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնությունները պետք է ամրապնդվեն: Կողմերը նաեւ ընդունել են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ, Շառլ Միշելի միջնորդությամբ, ուղիղ կապի հաջող հաստատումը: Եվրախորհրդի նախագահի պնդմամբ՝ վճռորոշ նշանակություն ունի հումանիտար խնդիրների լուծումը:

Հատկանշական է, որ Եվրախորհրդի նախագահն իր այս հայտարարությունում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց պարզապես անվանում է կալանավոր: Մեկ դրվագ էլ. Շառլ Միշելի այս տեքստից պարզ է դառնում, որ Երեւանը, փաստորեն, Բաքվին է տվել ականազերծման բոլոր քարտեզները, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ բոլոր գերիներին: Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանն ընդգծել է ռազմագերիների, պահվող այլ անձանց վերադարձի անհրաժեշտությունը: Շառլ Միշելի հայտարարությունում չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի մասին, ինչից հրճվել են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքուն ամեն կերպ փորձում է հրաժարվել համանախագահների միջնորդական ջանքերից, սակայն Եվրախորհրդի նախագահը Մինսկի խմբին աջակցելու մասին խոսել էր ճեպազրույցի ժամանակ:

Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաեւ տնտեսական խորհրդատվական հարթակ գործարկելու Եվրամիության մտադրությունը: Խոսել են նաեւ սահմանների սահմագծման եւ սահմանազատման գործընթացից, համաձայնել, որ անհրաժեշտ են շոշափելի քայլեր՝ տեղում լարվածությունը նվազեցնելու եւ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյանն էլ սոցցանցերում գրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը, եւ թվիթերյան գրառման մեջ Փաշինյանը թեգել է Ալիեւին: Իսկ թե երբ է սկսելու գործել երկաթուղային կապը, կողմերը չեն նշում:

Անհամաձայնություններ կան ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում: Տարաձայնություների մասին հրապարակային Փաշինյանն ու Ալիեւը խոսել էին եռակողմ հանդիպումից կարճ ժամանակ առաջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսին Ալիեւը նորից խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել, թե այն պետք է գործի Լաչինի միջանցքի նման՝ առանց մաքսակետերի: Փաշինյանը քիչ անց հակադարձել էր ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ այդ զուգահեռներն անընդունելի են, բայց բանակցություններից հետո ոչ Երեւանը, ոչ էլ Բաքուն այս հարցին հրապարակային չանդրադարձան:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: