կարևոր
550 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-15 22:07

Իշխանական պատգամավորները քվորումը չապահովեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

12:00-ին՝ արտահերթ նիստի մեկնարկին, դահլիճի միայն մեկ ընդդիմադիր թեւն էր ներկա: Պատգամավորնեը ողջունեցին «Հայաստան» խմբակցության կալանքից ազատված իրենց գործընկերներին ու զբաղեցրին տեղերը, բայց միայն երկու րոպեով:

Քվորում չկար. նիստն իրավազոր չէր. իշխանական պատգամավորները ներկա չէին, իսկ օրակարգում սահմանազատման եւ սահմանագծման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծն էր, որին արդեն մեկ անգամ իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկել:

Իշխանական  խմբակցությունն ընդդիմադիրների նախագիծը նախ քաղաքական, հետո ներքաղաքական էր որակել՝ պնդելով, թե «Հայաստան» խմբակցությունն իրենց առաջարկում է անվստահություն հայտնել գործադիրին, ինչի ցանկությունն իրենք չունեն: Նախագծի հեղինակներն էլ խոստացել էին այն լրամշակել ու արտահերթ նիստով նորից օրակարգ բերել: Բերեցին ու կրկին մերժում ստացան մասնագիտական հանձնաժողովի իշխանական անդամներից այն պատճառաբանությամբ, թե ներքաղաքական բովանդակությունը չի փոխվել:

Ընդդիմադիրները պնդում են՝ հայտարարության նախագծում կոչ է միջազգային հանրությանը՝ դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի հանցագործությունները: Այն այս պահին ընդունելն անհրաժեշտություն է համարում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քանի որ Ադրբեջանի հետ սահմանազատումը ենթադրում է խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչն էլ նշանակում է քար գցել Արցախի ճակատագրի վրա:

Փաշինյան-Ալիեւ հանդիպումից «Հայաստան» խմբակցության պատգամավորները որեւէ լավ արդյունք չեն սպասում: Իշխան Սաղաթելյանը Փաշինյանի՝ միջանցքը բացառող խոստումներին չի հավատում, վստահ է՝ բանավոր պայմանավորվածություններ կան, մնում է հասկանալ՝ ինչ է զիջել հայկական կողմը: Սաղաթելյանն անընդունելի է համարում, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկխոսության ընթացքում իշխող խմբակցությունը, որպես փորձագետ, խորհրդարան է հրավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին ու նրանից դասախոսություն լսում: Հիշեցնեմ՝ նախօրեին Լիպարիտյանը, մեկնաբանելով Արծվիկ Մինասյանի խոսքերը, թե ինչպես հարաբերություններ հաստատել մի հարեւանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, ասել էր՝ Մինասյանն ապրել է Հայաստանում 30 տարի մորթվե՞լ է:

Ժողովրդի թիկունքում գործելու մասին Սաղաթելյանի համոզմամբ փաստում են նաեւ վերջին օրերի աղմկահարույց ձերաբալությունները՝ ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին ահաբեկելու դեպքերը: Փորձը, ասում է, ցույց է տվել՝ եթե կա աղմուկ, կա նաեւ ժողովրդի ուշադրությունը շեղելու մտադրություն:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: