Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում համոզիչ և աներկբա հաղթանակ տարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ քաղաքական հետապնդում և վանաձորցու վստահության քվեն առևանգելու անթույլատրելի և հանցավոր փորձ: Հայտնում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը, որը դեկտեմեբրի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքում էր ներառված:
«Գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործադրեցին իշխանական արսենալում առկա բոլոր լծակները, բոլոր անթույլատրելի և արատավոր մեթոդները ճնշելու և վախեցնելու Ասլանյանի կողմնակիցներին, այժմ էլ՝ իշխանություններն անցել են իրենց քռքաշ վերջին մեթոդին՝ քրեական գործ կարելով հաղթած թեկնածուի նկատմամբ, փորձ է արվում վիժեցնել ավագանու առաջին նիստում Մամիկոն Ասլանյանի՝ որպես համայնքի ղեկավար վերջնական ընտրությունը:
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման ռեպրեսիվ գործողությունների իրականացումը, կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին և վերջ տալ հաղթած թիմի նկատմամբ իրականացվող քաղաքական և ուժային տեռորին, այլապես այս իշխանությունը ևս մեկ ավելորդ անգամ կարձանագրի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունենալու փաստը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի վերընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որը ձևավորվել է «Ազատ դեմոկրատներ» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցություններից, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում 12 810 ձայն էր հավաքել և հաղթել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանին։