կարևոր
1969 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-15 21:09

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա», - «Ազատությանը» փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ստորագրողներից մեկն էլ ինքն է և կողմ է գործընթացին։ 

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ «նախնական պրոցեսներ» են սկսվել:

««Իմ քայլի» ներսում նախնական քննարկվում է առաջարկել Երևանի քաղաքապետին լքել հաստիքը: Եթե նա հրաժարական չտա, ապա կսկսվի անվստահություն հայտնելու գործընթաց», -ասաց Կոտոլյանը:

Այսինքն՝ այս պահին քննարկում եք միայն քաղաքապետի հրաժարականի հա՞րցը:

-Այո, այս պահին նախապես քննարկում ենք զուտ հրաժարականի հարցը, որի բացակայության դեպքում քննարկենք անվստահություն հայտնելու հարցը:

-Ի՞նչ է դա ենթադրում:

-Ամեն ինչ շատ պարզ է՝ առաջարկում ենք, որ քաղաքապետը հրաժարական տա, եթե չի տալիս, ապա ավագանին գնում է անվստահություն հայտնելու ճանապարհով: իսկ անվստահություն հայտնելը պարզ գործընթաց է՝ գումարվում է ավագանու արտահերթ նիստ, նիստի օրակարգում լինում է մեկ հարց՝ անվստահություն հայտնելու մասին: Եթե ավագանու հստակ թվաքանակ քվեարկում է, համարվում է, որ քաղաքապետը պաշտոնանկ է արվում:

-Պարոն Կոտոլյան, այդուհանդերձ, ինչո՞ւ նման տրամադրություններ առաջացան Երևանի ավագանու իշխանական խմբակցության ներսում: Արդյոք դա կենտրոնական իշխանության պահա՞նջն էր:

-Ոչ, այդ ազդակը ավագանուց է գնացել կենտրոնական իշխանություն: Ոչ թե իշխանությունն է ասել, որ էսպես լինի, հակառակը՝ ավագանին է ասել՝ ցանկալի է գնալ այս ճանապարհով:

Բայց ի՞նչն է խնդիրը, լավ չի՞ աշխատում քաղաքապետը:

Ավագանու ամեն անդամ իր անձնական դիրքորոշումն ունի…

Օրինակ, դուք ի՞նչ կարծիքի եք, կո՞ղմ եք այդ գործընթացին:

Այո, ես կողմ եմ այդ պրոցեսին: Եվ խնդիրը զուտ աշխատանքային է, ոչ մի անձնական բան չկա:

Ի՞նչ է դա նշանակում, բավարար չափով աշխատանք չի՞ իրականացվել:

-Այո, իմ չափանիշներով՝ կարելի էր երկու անգամ արագ և ավելի որակով աշխատել:

Բայց նա չի աշխատե՞լ:

Միգուցե սխալվում եմ, բայց իմ մոտեցումները այդպիսին են:

Ավագանին ունի՞ այլ թեկնածու:

-Հաջորդ քայլը լինելու է այլ թեկնածուի առաջադրումը: Անվստահություն հայտնելուց հետո ավագանին կառաջադրի քաղաքապետի մեկ այլ թեկնածուի ու կընտրի հաջորդ քաղաքապետին իր միջից: Դրսից թեկնածուի գալը բացառվում է, քանի որ դրա համար պահանջվում է նոր ընտրություն:

Բայց Ձեր խմբակցությունն ունի՞ թեկնածու:

-Դեռ հաստատված թեկնածու չկա, բայց քննարկումներ կան: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: