կարևոր
526 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-15 20:30

Մոսկվան տրամաբանական է համարում հայ և թուրք բանագնացների նշանակումը

Մոսկվան տրամաբանական է համարում հայ և թուրք բանագնացների նշանակումը

Մոսկվան պատրաստ է խթանել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և ամեն կերպ աջակցել դրան: Այսօր այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ողջունում է երկկողմանի երկխոսությունը, և այդ նպատակով կողմերի հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական է և ողջամիտ։ 

«Ռուսաստանը առաջնորդվում է այն հանգամանքով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հայտարարել, որ պետքարտուղարությունն իր աջակցություն է հայտնում հայ և թուրք բանագնացների նշանակմանը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։ 

Հայաստանի արտգործնախարարությունն էլ հաստատել է այս հայտարարությունը՝ գնահատելով այս քայլը դրական: