կարևոր
418 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-15 19:37

Պատերազմը, կենտրոնը կորուստներ կրած կանանց տուն դարձրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալվարդ Շալունցը Գորիսի կանանց Ռեսուրս կենտրոնում իր գտնվելը բնական է համարում: Ասում է՝ այս ընտանիքում բոլորից տարիքովն է, իրարով են ապրում, իրար սովորեցնում, նոր կանանց ու երեխաներին նույնպես: Այստեղ կանանց եւ երեխաների համար գործում է ուսումնական կենտրոն, երեխաները եւս  սովորում են գորգագործություն, տիկնիկագործություն, բրդե թելերից կարպետների, շալերի ու անկողնային պարագաների պատրաստում:

Գորգագործության համար կենտրոնը մեծ տարածք չունի, փոխարենը իրական հայկական զարդանախշերով պատվերներ կան: Ընկեր դարձած լիբանանահայ է պատվիրատուն, որը ճարտարապետ է, ու հենց նրա գծագրով են գործում գորգը, շատ է օգնում իրենց, ու գորգն էլ պատվիրատուի համար սրտանց են գործում:

Գորիսի ռեսուրս կենտրոնի նպատակը հայ ձեռագործ արվեստը վերականգնելն ու տարածելն էր, գործով կանանց ապահովելը, ջուլհակագործությունը՝ որպես հայկական ձեռարվեստ վերականգնելը:

Պատերազմից հետո կորուստներ կրած կանանց համար բացված դռները նոր կյանքի լուսի շող դարձան: Ամեն ինչ սկսվել էր թելերի արտադրությունից.

Յուրաքաչյուր կին, որը աշխատում է այստեղ, իր կյանքի պատմությունն ունի, հավատ նոր կյանքի նկատմամբ: Արհավիրքից հետո նոր անդամները աշխատելով՝ աստիճանաբար դուրս են գալիս անորոշությունից ու սթրեսից: Աշխարհի տարբեր ծայրերից Գորիս եկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի անդամներից Պետիկ Պետրոսյանը՝ Բրյուսելից ու Արմեն Մազլումյանը՝ Եգիպտոսից կենտրոն եւս մտել, առեւտուր էին արել ու ներդրում անելու շուրջ մտածել: Իլիկի նման կյանքը շարունակվում է պտտվել, իսկ մաքուր բրդյա թելերը՝ միմյանց բնական գույներով խառնելով, նոր արտադրանքի պատրաստելով, մարդկանց էլ են հույս հաղորդում, որ իրենց արտադրածը կյանքում դեռ երկար են օգտագործելու, սեփական հողի վրա, սեփական տանը, ամուր Սյունիքում ու Արցախում:

Մանրամասները՝ տեսանյութում: