կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 13:34

Իշխանության ղեկին հայտնված մարդիկ ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի, ՀՀ-ի և Արցախի շահերը. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի հիմնախնդրը, բնակիչների ինքնքրոշման իրավունքը և կարգավիճակը այս պահին ամենամեծ մտահոգությունն է։ Սաղաթելյանը նշեց, որ այս իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից։ Բանակցությունները տեղի են ունենում երկհարկանի սկզբունքներով։

«Կան բանակցություններ, որի մասին հանրությունը տեղեկանում է, կան համաձայնություններ, որոնք ինչ-որ կերպ արձանագրվում են փաստաթղթերում, բայց կան գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ, որը տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։ Ինչ է դրա տակ թաքնված՝ մի բան հստակ է, իշխանության ղեկին հայտնված մարդիկ ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի, ՀՀ-ի և Արցախի շահերը»։

Անդրադառնալով Բրյուսելում Ալիև-Փաշինյան փակ հանդիպմանը, Սաղաթելյանը նշեց, որ այսօրվա ԱԺ տապալած նիստը լավ առիթ էր խոսելու խնդիրների մասին և քաղաքական մեծամասնությունը չմասնակցեց դրան։ «Մանկական մոտեցումը» Սաղաթելյանն անընդունելի է համարում, կարծում է՝ պատգամավորները կարող էին գալ, բացատրել ու հայտնել իրենց դիրքորշումը։

«Որևէ լավ բան այս հանդիպումներից չեմ սպասում։ Ծանոթ եք Ալիևի հայտարարությանը, որը հղի է նոր վտանգներով, խոսքը՝ «Լաչինի միջանցքում» մաքսակետ դնելու մասին է և այդ ամենին պատասխան ունենք միայն ֆեյսբուքյան գրառում։ Պետք է հասկանանք ինչ ենք զիջել։ Երբ ասում ենք՝ ասում են չկա նման բան, հետո պարզվում է դա արդեն իրականություն է։ Դրա վառ ապացույցներից մեկը հայ-թուրքական սիրախաղն է։ Քանի՞ անգամ են հերքել, որ գոյություն ունի գործընթաց ու թուրքական կողմից ենք տեղեկանում դրական ազդակների մասին»,- ասաց Սաղաթելյանը։

Վերջինս նշեց, որ այս մթնոլորտում, երբ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է երկխոսության մասին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ, լսել նրա կարծիքը՝ տարբեր հարցերի վերաբերյալ: Սաղաթելյանը հիշեցրեց նաև Լիպարիտյանի մասին և նրա վերաբերմունքը Արցախի մասին։

«Այս մթնոլորտում ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենաձախողած, թրքասեր դիվանագետը գալիս և հանդիպում է քաղաքական մեծամասնության հետ։ Հետաքրքիր է՝ ինչ էր սովորեցնում Լիպարիտյանը, որը մեկ օր առաջ հայտնել էր, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը հղի է վտանգներով։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս մարդիկ, ի՞նչ է սրանց ուզածը։ Եթե նրան ու նրա նմաններին թվում է, որ Հայաստանում հաղթել է այդ տեսակը և երկիրը տանելու են վերջնական ոչնչացման, սխալվում են։ Այս ամենը ժամանակավոր է»։