Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել են Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին և դրանով պայմանավորված՝ սահմանային բնակչության խնդիրներին:
Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրներն ու Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը՝ ընդգծելով ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման կարևորությունը:
Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերն իր աշխատակազմի կողմից պարբերաբար ներկայացվում են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ: