Պատմության մեջ առաջին անգամ տիեզերական սարքավորումը հպվել է Արևին:
Ընդամենը ժամեր առաջ NASA-ն հայտնեց նոր ֆանտաստիկ նվաճման մասին. գործակալության «Parker» արևային զոնդը մեր աստղին մոտենալու ընթացքում մի քանի անգամ մուտք է գործել դրա մթնոլորտ՝ գրանցելով պատմական արդյունք:
Մինչ այս ոչ մի սարքավորման չէր հաջողվել այն աստիճան մոտենալ Արևին, որ հպում գնա դրա մթնոլորտի հետ: Երբ ասում ենք Արևի մթնոլորտ, պետք է հասկանանք այն հատվածը, որը կազմում է Արևից պոկված, բայց գրավիտացիոն ու մագնիսական ազդեցություններով դրան կապված մնացող արևային նյութը, իսկ այն մասում, որտեղ վերջանում է Արևի մթնոլորտը, սկսվում են արևային քամիները, որոնք իրենցից ներկայացնում են լիցքավորված մասնիկների հոսքեր Արեգակնային համակարգով մեկ, այդ թվում՝ դեպի Երկրի ուղղված:
Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե Արևի մթնոլորտը մինչև ուր է ձգվում, որտեղ է այդ կրիտիկական կետը (կետերը), որտեղից արդեն Արևի գրավիտացիան ու մագնիսականությունը չեն կարողանում պահել մասնիկներին. եղած գնահատականներով՝ նշված կրիտիկական կետը Արևի մթնոլորտից 6,9 միլիոն կիլոմետրից 13,84 միլիոն կիլոմետրի սահմաններում պետք է լինի:
Ու ստացվել է այնպես, որ վերջին ամիսներին «Parker»-ը մոտեցել է Արևին, քան երբևէ ու հատել է նշված սահմանը:
Արդյունքում՝ զոնդի փոխանցած տվյալները թույլ են տվել գիտնականներին հայտարարել, որ մարդկությունը պատմության մեջ առաջին անգամ հասավ ու հպվեց նաև Արևին:
Ու այստեղ էական է ոչ միայն տվյալ նվաճումը, այլ նաև այն, որ առաջին անգամ հնարավորություն ընձեռնվեց ոչ թե դրսից տեսնել, այլ ներսից «շոշափել» արևային նյութը, ինչն էլ արդեն գիտնականներին կարևոր տվյալներ կհաղորդի մեր մայրական աստղի մասին: NASA-ում սա անվանել են՝ «հսկայական ցատկ՝ Արևի մասին գիտության համար»:
Եվ սա էլ դեռ ամենը չէ, քանի որ Parker-ը, իր պարուրաձև ուղեծրի շնորհիվ, շարունակելու է մոտենալ Արևին, իսկ սարքը կարող է դիմանալ շուրջ 1650 ցելսիուս ջերմաստիճանի, գուցե, ամենամեծ անակնկալները դեռ առջևում են: