Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումը տևեց շուրջ 4,5 ժամ։ Առանց հայտարարությունների Ալիեւն ու Փաշինյանը հեռացել են։ Եվրոպական կողմն էլ հանդես է եկել հաղորդագրությամբ, որում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը, միևնույն ժամանակ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը:
Հանդիպումից հետո ինչպես Փաշինյանի, այնպես էլ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ խոսք չկա Ալիևի երեկվա հայտարարությունների հակադարձման վերաբերյալ: Այնինչ մինչ հանդիպումը սկսելը Փաշինյանը շտապել էր ֆեյսբուքով հայտնել, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- գրել էր Փաշինայնը:
Եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել, վաղուցվա փաստերն է վերաշարադրել երկաթուղու մասին, բայց չի հիշել անդրադառնալ Ալիեւի նախապայմանին։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ էլ ոչինչ չկա այդ մասին:
Նշվում է, որ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:
«Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին:
ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել Եվրախորհրդի նախագահը: Փաշինյանն էլ տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը: