կարևոր
1519 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-15 12:00

Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր` ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում մեկ հարց է՝ քննարկում Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին:

Դեռևս նոյեմբերի 25-ին խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով: 

Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չպետք է տարանջատվի Արցախի ժողովրդի՝ իր պատմանական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը եւ բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որի ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր ԱԺ հայտարարության նախագիծը: