կարևոր
1450 դիտում, 7 ամիս առաջ - 2021-12-14 22:20

Հիմա արդեն նույն ազդականչը կարելի է հնչեցնել՝ թուրքերն են քաղաքում. Գեղամ Մանուկյան

Հիմա արդեն նույն ազդականչը կարելի է հնչեցնել՝ թուրքերն են քաղաքում. Գեղամ Մանուկյան

Ռուսական քաղաքացիական պատերազմի օրերին մի տարածված խոսք կար. բնակավայրերում մեկ էլ ազդականչ էր հնչում՝ «կարմիրներն են քաղաքում» կամ «սպիտակներն են քաղաքում»։ Նշանակում էր՝ թշնամական ուժերն անակնկալ միջից էին գրավում քաղաքը, բոլշեւիկ կամ հակաբոլշեւիկ։ Հիմա արդեն նույն ազդականչը կարելի է հնչեցնել մեր դեպքում՝ թուրքերն են քաղաքում։ Գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը.

«Այնպես չէ, որ ազգային արժեքների, հավատամքի, գաղափարախոսության, Հայության անժամանցելի իրավունքների պաշտպանության, Արացախի ինքնորոշման իրավունքի, Հանրապետության պաշտպանության գաղափարներին փարվածները նոր էին զգում ներքին վտանգը, գլուխ բարձրացնող թշնամական որդի առաջին գալարները։

Բայց այսօր արդեն լայնածավալ ազդականչ հնչեցնելու պահն է։

Այլեւս Թուրքիայի դեմ դարպասները բացելու համար ներսից քաղաքական շրջանականներ, իշխանական տարրեր, տարիներ շարունակ թշնամական կրծող որդը մեր ժողովրդի մեջ ներմուծած «ակադեմիականներ», քաղաքական գործիչներ լայնածավալ գրոհ են սկսել։ Ասել, որ դրա նման հարձակումներ չեն եղել, մեղանչած կլինենք ճշմարտության հանդեպ։

Անցնող տասնամյակներին էլ է այդ ամենը նկատելի եղել։ Ճիշտ է՝ փոքրաթիվ խմբակների տեսքով, որը հետո՝ արդեն 1989-ից պետք է քաղաքական ուղղության տեսք ստանար։ Մեկ պահ այն այլեւս պետական քաղաքականություն էր, որի մի կարեւոր հենասյուններից մեկն այսօր արդեն թուրքական բարձրախոսի դեր ստանձնած Ժիրայր Լիպարիտյանն է, որին մեսիական ինչ-որ թիկնոց հագցրած իշխանությունները, քաղաքական որոշակի շրջանակներ, ինչու ոչ՝ արտաքին ուժեր դահլիճից-դահլիճ պտտեցնում են, սա էլ կրկնում է այն թշնամական թեզերը, որը թուլացնում է Հայոց բերդն ու միջնաբերդը։

1990-ականների թուրքապաշտ քաղականությունը ձախողվեց, հեռացավ քաղաքական լայն ասպարեզներից, հայտնվեց հայ քաղաքական բանավեճերի անկյուններում, բայց չվերացավ իսպառ։

Եղան տարբեր փորձեր՝ հայ-թուրքական հաշտեցման հաձնաժողովների տեսքով, հետո արդեն կրկին փորձ արվեց գործի դնել բազմիցս ձախողված թեզը, թե հնարավոր է լեզու գտնել թշնամի երկրի հետ՝ ամեն հարցով զիջումների գնալով։ Անգամ «ֆուտբոլային դիվանագիտություն» տարազումով այն դարձավ արտաքին քաղաքական մի ողջ շարժում, որին ընդդիմացավ հայությունն իր բազում ուղղություններով, հավաքականություններով ու քաղաքական կենտրոններով։

Ի վերջո «ֆուտբոլային դիվանագիտության» ճարտարապետներն իրենց իսկ ձեռքով թաղեցին այդ ծրագիրը՝ համոզվելով, որ անհնար է զիջումով հասնել ցանկալի արդյունքի թշնամու հետ, քանզի զիջումը բերելու է նոր զիջման։

Բայց պրոթուրքական որդն արդեն աճում էր մեր հասարակությունում՝ մեծանալով ու ավելի լայն թափ հավաքելով, որին էլ, Բաքվից ու Անկարայից սնուցելով, պատրաստում էին գերզիջումների համար։ Կտրուկ, միանգամից, ամբողջական՝ ստանալու ամբողջը՝ Արցախը հանձնելուց մինչեւ Հայոց Պահանջատիրությունից իսպառ հրաժարումը։

Թշնամուն անհրաժեշտ էր հայկական դիմադրողականության վերացումը, որն ինքնին հայկականության վերացում է նշանակում։

44-օրյա ձախողումն ու անվտանգային համակարգի իսպառ բացակայությունը, ներքին ինքնապաշտպանական համակարգերի խափանումը, ճգնաժամը, ստացած հարվածների արդյունքում համահայկական դիմադրողականության կտրուկ անկումն ու միասնականության խարխլումը դռներն արդեն լայն բացել են թշնամական ծրագրի վերջնական կյանքի կոչելու համար։

Կասկած չէր հարուցում, որ պարտության կուսակցությունն ու Հայաստանի հայրենադավ իշխանությունը գնալու է շատ ավելի մեծ ու ցավոտ զիջումների, որ դավադիր երկխոսության մեջ է թշնամական երկու մայրաքաղաքների հետ։

Հատկապես Անկարայի հետ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային սիրախաղը սպառնում էր հայկական դիմադրողականության լիարժեք վերացման։

ՈՒ երեկ Չավուշօղլուի հայտարարությունը, Երեւանի՝ նրան արագ արձագանքը, այսօր արդեն Ազգային ժողով իշխող (կրկնում եմ՝ խորհրդարանում ցանկացած որոշում իր քվեով կայացնելու ունակ) խմբակցության եւ Թուրքիայի առաջ դռները բացելու գաղափարախոսության երկար տարիների ճարտարապետերից Ժիրայր Լիպարիտյանի փակ (գաղտնի) հանդիպումը կոչնակ հնչեցնելու առիթ է՝ ԹՈՒՐՔԸ քաղաքում է։

Հարձակումը սկսվել է բոլոր ճակատներով, ուղղություններով՝ Երեւանից մինչեւ Տավուշ, Արցախից մինչեւ Կալիֆորնիա, Բեյրութ, Հալեպ, Թեհրան ու Մոսկվա, Փաշիզ ու Սիդնեյ։

Հայ ժողովրդի ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ անժամանցելի իրավունքների շուրջ են այս իշխանությունն ու նրա գաղափարական արբանյակներն ու հայրերն այսօր թշնամու հետ առեւտուր անում։ Անգամ դա առեւտուր չէ, քանի որ հայկական կողմի շատի կամ մի փոքրի մասին որեւէ մեկն անգամ չի մտածում, համատարած զիջման է գնում։

ԱՆԴԱՌՆԱԼԻ ԶԻՋՄԱՆ է գնում։

Մտածում էի՝ Ժիրայր Լիպարիտյանի ցնդաբանություններին անդրադառնա՞լ, թե՞ ափսոս էր ժամանակը։ Բայց նա միայն մի փոքրիկ օղակն է այն մեծ դավադրության, որի գլուխ կանգնած է այսօրվա հայրենադավ իշխանությունն ու վարչապետի աթոռը Հայրենիքի հաշվին պահել փորձողը։

Վաղը նրանք պարտվելու են, Լիպարիտյանն էլի քաշվելու է իր բնակարանը, օվկիանոսից այն կողմ, ինչպես եղավ 1997-ից հետո, երբեմն գլուխը դռան միջից դուրս է հանելու ու ետ է քաշվելու։ Միայն չգիտեմ, իրո՞ք վերջնականապես թոթափել է թուրքի կամ ազերիի կողմից մորթվելու վախը, ինչի մասին այսօր հոխորտացել էր հրապարակային։ Լավ, մոռացավ Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի օրերին թշնամու զինվորների վայրագություններն ու գլխատման դեպքերը, մոռացա՞վ ռամիլ սաֆարովին։ Դա էլ կհասկանայի։ Բայց Ցեղասպանությունից հետո Բեյրութում ապաստանած իր մեծ մայրերի ու մեծ հայրերի տառապանքն ինչպե՞ս ուրացավ։ Կամ իր գրքերը (Լիպարիտյան Ժ., Սումգայիթյան ողբերգություն, հայերի ջարդերը խորհրդային Ադրբեջանում, 1990, The Karabagh File. Documents and Facts, 1918-1988, Cambridge and Toronto, 1988) ինչպե՞ս մոռացավ ու ուրացավ։

Հետո հասկացա, որ ուրացող հայեր միշտ էլ եղել են։ Եղել են մեծ թվով հայեր, եղել են անգամ քաղաքական շրջանակներ, անգամ եղել են 1920-ին թուրքին եղբայր կոչող բոլշեւիկ հայեր, իշխանության եկած հայ բոշլեւիկներ։ Բայց ուղղակի ԵՂԵԼ են։ Անցյալ ժամանակով։ Քանզի եղել է նաեւ նրանց դեմ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԸՆԴՎԶՈՒՄ։ Վերջինիս կարիքն է, որ հիմա կա։

Լուսանկարը՝ 2010 թվականի ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ՈՉ-ի երթի»: